կարևոր
2657 դիտում, 2 տարի առաջ - 2020-10-02 21:52

ԱԻՆ պաշտոնյան ներկայացրեց օդային տագնապի դեպքում բնակչության վարվելակերպի կանոնները

ԱԻՆ պաշտոնյան ներկայացրեց օդային տագնապի դեպքում բնակչության վարվելակերպի կանոնները

ԱԻՆ Փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության վարչության պետ Էդան Սնգրյանը ներկայացրեց քաղպաշտպանական ազդանշաններով նախատեսված բնակչության վարվելակերպի կանոնները: Սնգրյանը հիշեցրեց, որ «օդային տագնապ» ազդանշանը տրվում է շչակներով:

«Այս պահի դրությամբ ունենք նաև այլ հնարավորություններ` բոլոր օպերատորները տրամադրում են մեզ ցանցերը կարճ հաղորդագրությունների տեսքով ինֆորմացիան հասցնելու համար, և ունենք հնարավորություններ զանգվածային լրատվամիջոցներով հնարավորինս կարճ ժամանակահատվածում ներկայացնել և իրավիճակը, և ազդանշանները, և վարվելակերպի կանոնները»,- ասաց Սնգրյանը:

ԱԻՆ Փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության վարչության պետը ներկայացրեց բնակչության վարվելակերպի կանոնները յուրաքանչյուր դեպքով.

Եթե գտնվում ենք տանը, ապա պետք է կարճ ժամանակահատվածում վերցնել առաջին անհրաժեշտության իրերը, առարկաներ, որոշակի քանակությամբ սնունդ, ջուր, փաստաթղթեր, հագնվել և առանց խուճապի մատնվելու ուղևորվել մերձակա պաշտպանական կառույցներ (նկուղներ, ստորգետնյա կառույցներ): Այս բոլոր խորհրդատվությունները ամրագրված են Կառավարության համապատասխան որոշումներով և տարբեր տարիներին ուսուցողական ծրագրերի միջոցով քաղաքացիներին հասցված միջոցառումներ են:

Եթե գտնում եք դրսում, անհապաղ գնահատեք իրավիճակը և առանց խուճապի մատնվելու որոշեք ամենաապահով տարածքը, եթե մերձակայքում կան պաշտպանական կառույցներ, ուղևորվեք այնտեղ:

Եթե գտնվում եք տրանսպորտային միջոցներում պետք է առաջին հերթին անվտանգ կանգնեցնել տրանսպորտային միջոցը, չխոչընդոտել վարորդներին և երթևեկության կանոնները, որից հետո դուրս գալ տրանսպորտային միջոցից և հնարավորինս կարճ ճանապարհով ուղևորվել դեպի պաշտպանական կառույցները:

Եթե գտնվում եք աշխատավայրում կամ հանրային այլ տարածքներում, հետևեք տրվող հաղորդագրություններին, եթե չկան այդպիսի հաղորդագրություններ, առանց խուճապի դուրս եկեք տարածքներից և ուղևորվեք մերձակա  պաշտպանական կառույցները:

Եթե գտնվում եք արդյունաբերական հիմնարկություններում, ապա առաջնորդվեք արդյունաբերական ձեռնարկություններում սահմանված կանոնակարգերով»,- ասաց Սնգրյանը:

Նա հիշեցրեց, որ պաշտպանական կառույցները նկուղներն են, կիսանկուղային հարկերը, մետրոպոլիտենը և  ստորգետնյա կառույցները:

«Եթե գտնվում եք բնակավայրերից դուրս, օգտագործեք տեղանքի առանձնահատկությունները: Դրանք կարող են լինել տարբեր ջրատարներ, խորացված այլ կառույցներ, խորշեր և այլն»,- եզրափակեց Սնգրյանը: