կարևոր
1991 դիտում, 2 տարի առաջ - 2020-10-02 21:41

ՀՀ ՊՆ-ն արձանագրում է` Ադրբեջանը մեծ տրամաչափի զենքերից թիրախավորում է խաղաղ բնակչությանը

ՀՀ ՊՆ-ն արձանագրում է` Ադրբեջանը մեծ տրամաչափի զենքերից թիրախավորում է խաղաղ բնակչությանը

Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում հակառակորդը մեծ տրամաչափի զենքերից թիրախավորում է խաղաղ բնակչությանը: Այս մասին հոկտեմբերի 2-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Հակառակորդը թիրախավորում է խաղաղ բնակչությանը մեծ տրամաչափի զենքերից: Այսօր հեռահար հրթիռային միջոցներով հարված հասցրեցին երկու անգամ Հադրութ քաղաքին, երկու անգամ Ստեփանակերտ քաղաքին, որոնց հետևանքով տուժել են մեծ թվով խաղաղ բնակիչներ, շինություններ, քաղպաշտպանության ինստիտուտներ, ենթակառուցվածքներ: Թիրախավորվում են մեծ ու փոքր բնակավայրերը, ենթակառուցվածքները»,- ասաց Հովհաննիսյանը:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը, ինչի հետևանքով Արցախի տարբեր շրջաններում զոհվել են քաղաքացիական անձինք: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ և այրվել է քաղաքացիական ավտոբուս` Ադրբեջանի ԶՈՒ-ին պատկանող ԱԹՍ-ի հարվածից: Հայտնաբերվել են փաստեր՝ Թուրքիայի ներգրավվածության վերաբերյալ: Սեպտեմբերի Թուրքիայի F-16 կործանիչը ՀՀ օդային տարածքում խոցել է հայկական ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը, զոհվել է օդաչուն: Հոկտեմբերի 1-ին հակառակորդը հրետանի էր կիրառել Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղի ուղղությամբ, ինչպես նաև հարվածային ԱԹՍ-ից հրթիռ էր արձակել Մեծ Մասրիկ բնակավայրի վրա, ինչի հետևանքով զոհվել էր մեկ քաղաքացիական անձ, երկու քաղաքացիական անձ ստացել էր տարբեր աստիճանի վիրավորվում։