կարևոր
987 դիտում, 1 տարի առաջ - 2020-10-02 14:44

Հարավային Կովկասում վարձկանների առկայությունը սպառնալիք է տարածաշրջանային անվտանգությանը. թուրքագետ

Հարավային Կովկասում վարձկանների առկայությունը սպառնալիք է տարածաշրջանային անվտանգությանը. թուրքագետ

Հարավային Կովկասում վարձկանների ներկայությունը պետք է դիտարկել այն տեսանկյունից, որ համաշխարհային ծայրահեղական շարժումը սկսում է տարածվել տարածաշրջանում: Մամուլի ասուլիսի ժամանակ թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը նշել է, որ սա մի երևույթ է, որը պետք է դիտարկել տարածաշրջանային անվտանգության տեսանկյունից: Չզսպելու պարագայում՝ այն իր ազդեցությունն է ունենալու համաշխարհային զարգացումների վրա:

«Պատահական չէ, որ և՛ Ֆրանսիայի, և՛ Ռուսաստանի, և՛ ԱՄՆ-ի կողմից պաշտոնապես  սկսեց ահազանգ հնչել դրա վերաբերյալ: Դրանից բացի, կարևոր հանգամանք է այն, որ վարձկանների ներկայությունը մեր տարածաշրջանում՝ Ադրբեջանի բանակի կազմում, բարձրաձայնվում էր հայկական կողմից բավական երկար ժամանակ: Տեսանք, որ ժամանակի ընթացքում աշխարհով տարածվեց այդ վտանգի գիտակցումը: Դա նշանակում է, որ մեր դիվանագիտությունը կարողացավ տեղ հասցնել վտանգի մասին հարցը: Ռուսաստանը, Ֆրասնիան, ԱՄՆ-ն կարողացել են միասնական մոտեցում ցուցաբերել վարձկանների հարցի հետ կապված, ինչը շատ կարևոր է»,- ասել է Ռուբեն Սաֆրաստյանը:  

Նրա խոսքով՝ կան տվյալներ, որ դեռ օգոստոսից Թուրքիան սկսել է վարձկաններ հավաքագրել՝  խոստանալով դրամական միջոցներ: Այսինքն՝ նախապատրաստական աշխատանքներն սկսվել էին ավելի վաղ: Փորձագետն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ շաբաթներ առաջ շրջանառության մեջ էր դրվել կեղծ տեղեկություն այն մասին, թե իբր Հայաստանը քուրդ վարձկաններ է բերում: Ըստ Ռուբեն Սաֆրաստյանի՝ դա պատահական չէր, Թուրքիան այդ ապատեղեկատվությամբ փորձում էր շեղել աշխարհի ուշադրությունը, որպեսզի լսելի չլինեն Թուրքիայի կողմից դեպի Ադրբեջանի բանակ վարձկաններ ուղղորդելու լուրերը: Այսինքն՝ միջազգային հանրության ուշադրությունը կենտրոնանար իրենց տարածած ապատեղեկատվության վրա: Ռուբեն Սաֆրաստյանի կարծիքով՝ վարձկանների խնդիրը մոտակա օրերին աշխարհում ավելի մեծ արձագանք կստանա: Նա հույս հայտնեց, որ դա կստանա իր արժանի գնահատականը միջազգային հեղինակավոր կազմակերպությունների կողմից: