կարևոր
1364 դիտում, 1 տարի առաջ - 2020-10-01 19:57

Երևանում ծնվել է արցախցի Արթուրը. նրա հայրն այժմ թշնամուց պաշտպանում է հայրենի Արցախը

Երևանում ծնվել է արցախցի Արթուրը. նրա հայրն այժմ թշնամուց պաշտպանում է հայրենի Արցախը

Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բուժկենտրոնի ծննդատանը լույս աշխարհ է եկել փոքրիկ Արթուրը, որի հայրն այժմ Արցախում մասնակցում է հայրենիքի պաշտպանության մարտերին: Այս մասին գրել է բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը:

«Արթուրն իր գերդաստանի միակ երեխան է, ով ծնվել է Արցախից դուրս: Այս պահին թշնամուն թեժ հակահարվածներ հասցնող Արթուրի զինծառայող հոր համար որդու ծնունդն ամենասպասված բարի լուրն է»,- գրել է Խաչատրյանը:

Նորածնի մայրը` Էլլադա Կարապետյանը հուսով է, որ շատ արագ իրենք վերադառնալու են հայրենի Արցախ:

«Արթուրի քույրը անհամբեր սպասում է եղբորը, իսկ ընտանիքս հուսով է, որ շատ արագ վերադառնալու ենք տուն` հայրենի Արցախ»,- նշել է Կարապետյանը:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով Արցախում ընդհանուր առմամբ զոհվել է 7 քաղաքացի: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ և այրվել է քաղաքացիական ավտոբուս` Ադրբեջանի ԶՈՒ-ին պատկանող ԱԹՍ-ի հարվածից: Հայտնաբերվել են փաստեր՝ Թուրքիայի ներգրավվածության վերաբերյալ: Սեպտեմբերի Թուրքիայի F-16 կործանիչը ՀՀ օդային տարածքում խոցել է հայկական ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը, զոհվել է օդաչուն:

Հայկական զինուժն ունի 103 զոհ և շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ ՀՀ-ում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային շուրջ 1280 կորուստ և 2700 վիրավոր:

Հակառակորդը կորցրել է 90 ԱԹՍ, 12 ուղղաթիռ, 181 զրահատեխնիկա, 4 ինքնաթիռ, 2 «Սմերչ», 3 ՏՈՍ-1Ա ծանր հրանետային համակարգ: