կարևոր
2463 դիտում, 2 տարի առաջ - 2020-10-01 12:36

Հայաստանի Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին

Սեպտեմբերի 30-ին ռուսաստանյան կողմի նախաձեռնությամբ կուսակցության նախագահ, Հայաստանի Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ղարաբաղաադրբեջանական սահմանի ողջ երկայնքով ծավալված լայնամասշտաբ ռազմական գործողություններն ու էսկալացիան:

Դրա հետ կապված՝ նախագահ Սարգսյանը դեսպանին տեղեկացրել է ՀՀԿ-ի կողմից ներքաղաքական օրակարգի սառեցման ու համազգային կոնսոլիդացիայի մասին:

Սերժ Սարգսյանը շեշտել է, որ խնդիրը ռազմական լուծում չունի, և Ադրբեջանի ղեկավարության ագրեսիան՝ ընդդեմ Լեռնային Ղարաբաղի, և Հայաստանի դեմ՝ Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարության բացահայտ աջակցությամբ ու միջամտությամբ, պետք է կանխվի բոլոր հնարավոր եղանակներով: Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը երկարաժամկետ ու արդարացի խաղաղության հասնելու համար անքակտելի և անկյունաքարային է։

Իր հերթին՝ դեսպան Կոպիրկինը ներկայացրել է Ռուսաստանի Դաշնության դիրքորոշումը և իր կողմից գործադրվող ջանքերն իրավիճակի շուտափույթ կարգավորման ուղղությամբ՝ ինչպես ազգային մակարդակում, այնպես էլ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի մանդատի շրջանակներում»: