Արցախի նկատմամբ Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունները և Հայաստանի նկատմամբ ագրեսիան դատապարտող ցույց է անցկացվել Բարսելոնայում Թուրքիայի հյուպատոսության դիմաց: Այս մասին ասել է Իսպանիայի Բարսելոնա քաղաքի «Հայկական մշակութային միության» ատենապետ Տաթև Սուլյանը, նշելով, որ ցույցին մասնակցել են ոչ միայն հայեր, այլև կատալոնացի և իսպանացի համախոհներ:
«Այս երեկոյան ժամը 16։00-ին հանրահավաք էինք կազմակերպել։ Հանրահավաքով մենք մեր բողոքի ձայնը բարձրացրեցինք ընդդեմ ադրբեջանական և թուրքական ագրեսիայի։ Հանրահավաքը տեղի ունեցավ Բարսելոնայում Թուրքիայի հյուպատոսության դիմաց: Այն կազմակերպել էին Կատալոնիյայի հայկական կազմակերպությունները։ Ցույցին մասնակցեցին նաև կատալոնացի և իսպանացի համախոհներ, որոնք դատապարտում էին ադրբեջանական ագրեսիան, թուրքական սպառնալիքը և ոտնձգությունները»,- ասել է Սուլյանը:
Բարսելոնա քաղաքի «Հայկական մշակութային միության» ատենապետը նշել է, որ ցույցին մասնակցել է մոտ 500 մարդ, իսկ ցույցին նախորդել են Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ Իսպանացի քաղաքական և հասարակական գործիչների ու իրավապաշտպանների հայտարարությունները, ինչպես նաև հոդվածները` իսպանական մամուլում:
Տաթև Սուլյանի խոսքով` Իսպանիայում բնակվող հայերն ակտիվ են եղել նաև օնլայն տիրույթում` համացանցում կասեցնելով ադրբեջանական ապատեղեկատվության տարածումը: