334 դիտում, 2020.10.01 02:17

Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը դատապարտել է Արցախի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան

Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը դատապարտել է Արցախի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան

Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը հավանություն է տվել քաղաքային խորհրդի անդամ Փոլ Քրեքորյանի հեղինակած բանաձևին, որով դատապարտվում է Արցախի Հանրապետության վրա Ադրբեջանի սանձազերծած հարձակումը: Այս մասին հայտնում են Քրեքորյանի գրասենյակից:

Բանաձևը, որի համահեղինակն է դարձել քաղաքային խորհրդի նախագահ Նուրի Մարտինեսը, պահանջում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը և ԱՄՆ Կոնգրեսն օգտագործեն բոլոր դիվանագիտական, տնտեսական և քաղաքական միջոցները, որպեսզի Ադրբեջանին ստիպեն իմաստալից կերպով մասնակցել հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացին:

Քրեքորյանի հեղինակած բանաձևում ընդգծվում է, որ Արցախին աջակցությունն անհրաժեշտ է ԱՄՆ-ի շահերի և ամերիկյան հիմնարար սկզբունքների համար:

«Քանի որ մեր երկիրը հիմնված է ժողովրդավարության, ազատության և ինքնորոշման իրավունքի արժեքների վրա և հավատարիմ է դրանց, Միացյալ Նահանգները բարոյական պարտավորություն է կրում կանգնել Արցախի Հանրապետության ժողովրդի կողքին, որը վաստակել է ինքնորոշման իր իրավունքը և բարգավաճել է որպես ազատ, ժողովրդավարական և ինքնիշխան պետություն գրեթե 30 տարվա ընթացքում», - ասված է բանաձեւում:

Քրեքորյանը նշել է, որ միջազգային հանրությունը պետք է դատապարտի Ադրբեջանին՝ ռազմական գործողությունների վերսկսման, հրադադարի մասին համաձայնագրի խախտման և հայ բնակչությանը ավերածություններ պատճառելու համար:

«Ադրբեջանի կոռումպացված և ավտորիտար վարչակարգը բիրտ ուժ է գործադրում Արցախի բնիկ քաղաքացիական բնակչության՝ հայ ժողովրդի նկատմամբ»,- ասել է Քրեքորյանը:

Բանաձևի համահեղինակ, քաղաքային խորհրդի նախագահ Նուրի Մարտինեսն ասել է, որ սեպտեմբերի 27-ից Արցախի ժողովուրդը հարձակման է ենթարկվում ադրբեջանցի զինվորականների կողմից, որոնք դաժանորեն և անխոհեմ հարձակվում են երեխաների և ընտանիքների վրա՝ հանգեցնելով անմեղ մարդկանց մահվան։

«Լոս Անջելես քաղաքը սատարում է հայ ժողովրդին և Արցախի Հանրապետությանը և դատապարտում է Ադրբեջանին՝ այդ դաժան հարձակումների և հրադադարի ռեժիմի խախտման համար: Այսօր ես խորհրդի անդամ Քրեքորյանի և իմ գործընկերների հետ ընդունում եմ մի բանաձև, որը կոչ է անում Սպիտակ տանը, պետքարտուղարին և Կոնգրեսին՝ դատապարտել այդ հարձակումը և անմիջապես վերջ տալ դրան»,- նշել է Մարտինեսը:

Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Փոլ Քրեքորյանը հիշեցրել է Լոս Անջելես քաղաքի և Արցախի Հանրապետության միջև առկա սերտ կապերի մասին։

«Լոս Անջելեսը միշտ համերաշխ է եղել Արցախի ժողովրդի հետ՝ ճանաչելով այդ ժողովրդի ինքնիշխանությունն ու նրա կառավարության ժողովրդավարական արժեքները»,- ասել է Քրեքորյանը: