298 դիտում, 2020.10.01 00:38

ԱՀ ԱԳՆ-ն գոհ է հակամարտության գոտում լարվածության աճի վերաբերյալ ՄԱԿ ԱԽ քննարկման արդյունքներից

ԱՀ ԱԳՆ-ն գոհ է հակամարտության գոտում լարվածության աճի վերաբերյալ ՄԱԿ ԱԽ  քննարկման արդյունքներից

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը գոհունակությամբ նշել է, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում լարվածության աճի վերաբերյալ սեպտեմբերի 29-ին տեղի ունեցած փակ քննարկումների արդյունքներով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները խստորեն դատապարտել են ուժի գործադրումը և իրենց աջակցությունն են հայտնել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի կոչին` անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, նվազեցնել լարվածությունը և վերադառնալ կառուցողական բանակցությունների:

Արցախի Հանրապետության արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած մեկնաբանության մեջ նաև ասվում է. «ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներն իրենց լիակատար աջակցությունն են հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կենտրոնական դերին:

Անվտանգության խորհրդի անդամների՝ մամուլի համար արված այս հայտարարությունը վերջակետ դրեց Ադրբեջանի իշխանությունների շահարկումներին՝ կապված Արցախի Հանրապետության դեմ ռազմական ուժ կիրառելու նրանց ենթադրյալ իրավունքի հետ: Ակնհայտ է, որ իրենց միջազգային հակաօրինական գործողությունների համար միջազգային որևէ աջակցություն ստանալու նպատակով Բաքվի և Անկարայի ձեռնարկած բոլոր փորձերն ավարտվել են լիակատար ձախողմամբ:

Վերստին նշենք, որ Ադրբեջանի և Թուրքիայի գործողությունները, որոնք սպառնում են Հարավային Կովկասում միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը, չեն կարող առանց քաղաքական և իրավական հետևանքների մնալ: Բաքվին և Անկարային պատասխանատվության կանչելով` միջազգային հանրությունն անհրաժեշտ խթան կհաղորդի լարվածության թուլացմանը և պայմաններ կստեղծի ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար»: