01.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.95 +0.74 | |
GBP | 491.82 -0.99 | |
EUR | 426.35 +2.81 | |
GEL | 140.19 +1.14 | |
RUB | 7.46 -0.29 |
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը գոհունակությամբ նշել է, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում լարվածության աճի վերաբերյալ սեպտեմբերի 29-ին տեղի ունեցած փակ քննարկումների արդյունքներով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները խստորեն դատապարտել են ուժի գործադրումը և իրենց աջակցությունն են հայտնել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի կոչին` անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, նվազեցնել լարվածությունը և վերադառնալ կառուցողական բանակցությունների:
Արցախի Հանրապետության արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած մեկնաբանության մեջ նաև ասվում է. «ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներն իրենց լիակատար աջակցությունն են հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կենտրոնական դերին:
Անվտանգության խորհրդի անդամների՝ մամուլի համար արված այս հայտարարությունը վերջակետ դրեց Ադրբեջանի իշխանությունների շահարկումներին՝ կապված Արցախի Հանրապետության դեմ ռազմական ուժ կիրառելու նրանց ենթադրյալ իրավունքի հետ: Ակնհայտ է, որ իրենց միջազգային հակաօրինական գործողությունների համար միջազգային որևէ աջակցություն ստանալու նպատակով Բաքվի և Անկարայի ձեռնարկած բոլոր փորձերն ավարտվել են լիակատար ձախողմամբ:
Վերստին նշենք, որ Ադրբեջանի և Թուրքիայի գործողությունները, որոնք սպառնում են Հարավային Կովկասում միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը, չեն կարող առանց քաղաքական և իրավական հետևանքների մնալ: Բաքվին և Անկարային պատասխանատվության կանչելով` միջազգային հանրությունն անհրաժեշտ խթան կհաղորդի լարվածության թուլացմանը և պայմաններ կստեղծի ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար»: