04.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.52 -0.43 | |
GBP | 494.73 +2.91 | |
EUR | 425.9 -0.45 | |
GEL | 142.49 +2.30 | |
RUB | 7.41 -0.05 |
Քաղաքագետ Նարեկ Մինասյանի կարծիքով, Թուրքիայի կողմից անվերապահ աջակցություն ստանալով, Հայաստանի տարածքը ռմբակոծելով, փաստացի, Ադրբեջանը մարտահրավեր է նետում նաև Հայաստանի դաշնակիցներին: Նարեկ Մինասյանը նշել է, որ Հայաստանի տարածքը ռմբակոծելով՝ Ադրբեջանը հետապնդում է մի շարք քարոզչական նպատակներ: Մասնավորապես, փորձում է պարտվողական տրամադրություններ տարածել Հայաստանում, ազդել հանրային տրամադրությունների վրա, միևնույն ժամանակ Ադրբեջանը խնդիր ունի սեփական ժողովրդին ոգևորելու:
«Թե՛ Արցախի հանդեպ ագրեսիան, թե՛ Հայաստանի տարածքի ռմբակոծումը, միջազգային իրավունքի լրջագույն ոտնահարում է Ադրբեջանի կողմից: Փաստացի, թե՛ համանախագահողների, թե՛ միջազգային կազմակերպությունների՝ ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ կոչերը մնում են անպատասխան: Ավելին, Ադրբեջանը գնում է իրավիճակի սրման և ռազմական գործողությունների աշխարհագրության ընդլայնման»,-նշեց Նարեկ Մինասյանն՝ անդրադառնալով սահմանային իրադարձությունների առնչությամբ միջազգային հանրության գնահատականներին:
Քաղաքագետն, ով այժմ Արցախում է, անդրադարձավ նաև այնտեղ տիրող իրավիճակին: Նա կարևորեց այն, որ բնակչությունը հետևում է անվտանգության վերաբերյալ բոլոր ցուցումներին, միևնույն ժամանակ երկրում իրականացվում է տարբեր ոլորտների գործունեության վերակազմակերպում: Շատերը զորակոչվել են, մի շարք խմբեր էլ կամավորագրվում են՝ տարբեր բնույթի հանրային անհրաժեշտ աշխատանքներ կատարելու համար:
«Վախ, խուճապ չի նկատվում արցախցիների մոտ, ինչը բավական կարևոր ցուցիչ է. սահմանագծից ստացվող նորություններն էլ միայն ոգևորում են բնակիչներին»,-հավելեց քաղաքագետը։