կարևոր
1590 դիտում, 2 տարի առաջ - 2020-09-30 17:48

Նիդերլանդների խորհրդարանի պատգամավորը կոչ է արել կանգնեցնել Թուրքիային և Ադրբեջանին

Նիդերլանդների խորհրդարանի պատգամավորը կոչ է արել կանգնեցնել Թուրքիային և Ադրբեջանին

Նիդերլանդների խորհրդարանի անդամ Ջոել Վուրդեվինդը երկրի իշխանություններին կոչ է արել միանալ Թուրքիային և Ադրբեջանին կանգնեցնելու Ֆրանսիայի նախաձեռնությանը: Այս մասին Վուրդեվինդը գրել է «Թվիթեր»-ի իր էջում:

«Պետք է Նիդերլանդները միանան Ֆրանսիային և Թուրքիայից  ու Ադրբեջանից պահանջեն դադարեցնել Հայաստանի նկատմամբ ապօրինի ռազմական ագրեսիան»,- գրել է պատգամավորը:

Completely agree. Let the Netherlands join France in demanding Turkey and Azerbeidzjan to stop the illegal military aggression against Armenia. @christenunie asked the MP Rutte to support France in this tomorrow during the Eurotop! https://t.co/pASITKhyMu

— Joël Voordewind (@JoelVoordewind) September 30, 2020

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ Ֆրանսիան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, կատարելու է իր դերակատարությունը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ընթացող լայնածավալ ռազմական գործողությունները դադարեցնելու հարցում:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, դպրոցները, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով Արցախում ընդհանուր առմամբ զոհվել է 7 քաղաքացի: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ և այրվել է քաղաքացիական ավտոբուս` Ադրբեջանի ԶՈՒ-ին պատկանող ԱԹՍ-ի հարվածից: Հայկական Զինուժն ունի 80 զոհ և շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ ՀՀ-ում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային ավելի քան 790 կորուստ և 1900 վիրավոր: Հակառակորդը կորցրել է 75 անօդաչու թռչող սարք, 7 ուղղաթիռ, 137 տանկ և զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ, 82 ավտոտրանսպորտ, 3 ինժեներատեխնիկական ծանր զրահատեխնիկա, 4 զրահափոխադրիչ: Ոչնչացվել են հակառակորդի մեծ թվով կենդանի ուժ, սպառազինություն և ռազմական տեխնիկա, այդ թվում՝ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ: