կարևոր
1108 դիտում, 1 տարի առաջ - 2020-09-30 17:00

Վրաստանի վարչապետն առաջարկել է Երևանի և Բաքվի միջև երկխոսություն անցկացնել Թբիլիսիում

Վրաստանի վարչապետն առաջարկել է Երևանի և Բաքվի միջև երկխոսություն անցկացնել Թբիլիսիում

Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան հայտարարել է, որ Թբիլիսին պատրաստ է ընդունել Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչներին՝ կողմերի միջև երկխոսության համար: Այս մասին հայտնում է Netgazeti.ge-ն:

Գախարիան ասել է. «Տարածաշրջանում խաղաղության արագ հաստատումը մեր ընդհանուր շահն է»:

Նա շեշտել է, որ Վրաստանը բարիդրացիական հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և Հայաստանի հետ: «Պատմականորեն Վրաստանում բնակվող մեր ադրբեջանցի և հայ համաքաղաքացիները միշտ էլ մեծ դեր են ունեցել մեր երկրի և տարածաշրջանի զարգացման և ամրապնդման գործում»,-հավելել է Վրաստանի վարչապետը:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, դպրոցները, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով Արցախում ընդհանուր առմամբ զոհվել է 7 քաղաքացի: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ և այրվել է քաղաքացիական ավտոբուս` Ադրբեջանի ԶՈՒ-ին պատկանող ԱԹՍ-ի հարվածից: Հայկական Զինուժն ունի 80 զոհ և շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ ՀՀ-ում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային ավելի քան 790 կորուստ և 1900 վիրավոր: Հակառակորդը կորցրել է 75 անօդաչու թռչող սարք, 7 ուղղաթիռ, 137 տանկ և զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ, 82 ավտոտրանսպորտ, 3 ինժեներատեխնիկական ծանր զրահատեխնիկա, 4 զրահափոխադրիչ: Ոչնչացվել են հակառակորդի մեծ թվով կենդանի ուժ, սպառազինություն և ռազմական տեխնիկա, այդ թվում՝ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ: