«Գեոպրոմայնինգ» ընկերությունը պատրաստակամություն է հայտնում հումանիտար նպատակների համար «Հայաստան» Համահայկական հիմնադրամին փոխանցելու 50 միլիոն դրամ՝ «Մենք եւ մեր սահմանները. բոլորս Արցախի համար» միջոցների հավաքագրման համազգային արշավի շրջանակներում։
Այս մասին տեղեկացրեց «Գեոպրոմայնինգ» ընկերության ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը:
«Աշխատակիցների թիմը պատրաստ է նաեւ պարբերաբար տրամադրել սննդամթերք, առաջին անհրաժեշտության իրեր եւ դեղորայք՝ Հայաստանի եւ Արցախի զինված ուժերին աջակցելու համար»,-հավաստեց Ռուզաննա Գրիգորյանը։
Ադրբեջանական բանակի կողմից սանձազերծած պատերազմի հետևանքով դադարեցվել են բոլոր կարգի աշխատանքները ռուսական «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերության կողմից շահագործվող Սոթքի ոսկու հանքավայրում: Հանքավայրում աշխատանքները դադարեցվել են սեպտեմբերի 27-ի առավոտվանից սկսած, երբ սկսվել են ռազմական գործողությունները: