24.05.2022
|
||
---|---|---|
USD | 452.7 -3.03 | |
GBP | 566.33 -7.02 | |
EUR | 484.71 -1.87 | |
GEL | 158.01 -0.92 | |
RUB | 8.02 +0.13 |
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի հետ սահմանին և Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմական գործողությունների վերաբերյալ հատուկ նամակ է հղել Աբու Դաբի Էմիրության թագաժառանգ, ԱՄԷ Զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ Շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանին: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հանրապետության նախագահը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական գործողությունները՝ նշելով, որ դրանց հետևանքով երկու կողմերում զոհվել և վիրավորվել են տասնյակ զինվորականներ և քաղաքացիական անձինք:
«Վերջին ամիսներին Ադրբեջանի ղեկավարությունն ամենաբարձր մակարդակով բարձրաձայնել է իր մտադրությունը՝ լուծելու հակամարտությունը պատերազմի միջոցով և նմանօրինակ փորձ է արել հուլիսին: Դժբախտաբար, այս կանխատեսելի զարգացումը չի կանխվել կամ խոչընդոտվել միջազգային հանրության կողմից: Վերջին հարձակումը ոչ միայն զրոյացրել է խաղաղության շուրջ տարվող բանակցությունները, մեծապես վնասել խաղաղության ողջ գործընթացը, այլև մեծ սպառնալիք է դարձել ողջ տարածաշրջանի անվտանգության համար:
Ես հատկապես մտահոգված եմ Թուրքիայի ղեկավարության ռազմական հռետորաբանությամբ, որն ակնհայտորեն փորձում է օգտագործել հակամարտությունը՝ սեփական նպատակներն առաջ մղելու համար»,- ասվում է նախագահի նամակում:
Արմեն Սարգսյանը դիմել է Աբու Դաբիի թագաժառանգին՝ խնդրելով օգտագործել միջազգային հարթակներում ունեցած կապերն ու հեղինակությունը, որպեսզի անհապաղ դադարեցվեն արյունահեղությունն ու մարդկային տառապանքները:
«Հակամարտությունը կարող է և պետք է լուծվի միայն բանակցությունների միջոցով: Այն չունի ռազմական կարգավորում: Մենք ապացուցել ենք դա նախկինում և կապացուցենք կրկին»,- ասվում է նամակի եզրափակիչ հատվածում: