կարևոր
2135 դիտում, 3 տարի առաջ - 2020-09-30 15:29

Ադրբեջանի սադրիչ գործողություններում Թուրքիայի ակտիվությունը չի բխում Իրանի շահերից. իրանագետ

Ադրբեջանի սադրիչ գործողություններում Թուրքիայի ակտիվությունը չի բխում Իրանի շահերից. իրանագետ

Իրանի Իսլամական Հանրապետությունն առաջին իսկ օրվանից ուշադրությամբ հետևում է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակի սրմանը, և Ադրբեջանի սադրիչ գործողություններում Թուրիքայի ակտիվությունը բացարաձակ չի բխում Իրանի շահերից: Մամուլի ասուլիսում այս մասին նշել է իրանագետ Գոհար Իսկանդարյանը:

«Իրանի շահերից չի բխում Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականությունը: Թուրքիան ցանկանում է Կովկասում ունենալ մեծ ազդեցություն՝ նվազեցնելով Իրանի ազդեցությունը թե Կովկասում, թե ընդհանուր տարածշրջանում: Այս առումով տեսնում ենք Իրանի անհանգստությունը, ինչն ավելի մեծացավ, երբ շփման գծում գործողություններով պայմանավորված Իրանի տարածք հրթիռներ էին ընկել, ինչի կապակցությամբ Թեհրանն իր դժգոհությունն էր հայտնել: Եղավ տեղեկատվություն ԱԹՍ-ի խոցման մասին: Սա հստակորեն արվում է նաև նրա համար, որ կարողանան կանխել Թուրքիայի ծավալապաշտական նկրտումները՝ ցույց տալով, որ տարածաշրջանում միայն Թուրքիան չէ, Իրանն էլ ունի շահեր»,- ասել է Գոհար Իսկանդարյանը:

Իրանագետը նշել է, որ Իրանը հատկապես մեծ ուշադրություն է դարձնում Թուրքիայի ակտիվությանը Նախիջևանի ուղղությամբ: Նրա կարծիքով, եթե Նախիջևանի հատվածում Թուրքիան ցուցաբերի էական գործունեություն, ապա ականատես կլինենք Իրանի համարժեք քայլերին: Ինչ վերաբերում է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակի սրմանը իրանական մամուլի արձագանքին, Գոհար Իսկանդարյանը նշեց, որ ի տարբերություն հուլիսյան դեպքերի, երբ Տավուշի ուղղությամբ Ադրբեջանը կրկին դիմել էր սադրանքների, հիմնականում օգտագործում էին ադրբեջանական մամուլից ստացված տեղեկությունները, այս անգամ պատկերն այլ է: Իրանական մամուլը առավել հավասարկշռված է, օգտագործում են և՛ հայկական, և՛ ադրբեջանական աղբյուրները:

Փորձագետը նկատել է, որ Թուրքիայի նախագահը պարբերաբար խնդիրներ է ստեղծում տարածաշրջանում: Խոսվում է այն մասին, որ Ադրբեջանի սադրիչ գործողություններում ներգրավվելով՝ Թուրքիան  փորձում է ժողովրդի ուշադրությունը շեղել անկումային տնտեսությունից: Այս խնդրում ներգրավվելուց հետո թուրքական լիրան ուղղակի գահավիժեց, որը բավական խոցելի վիճակում է դնում թուրքական իշխանություններին: