կարևոր
1002 դիտում, 1 տարի առաջ - 2020-09-30 13:46

ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը պարզաբանել է, թե ինչ կլինի, եթե Ադրբեջանը խախտի որոշումը

ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը պարզաբանել է, թե ինչ կլինի, եթե Ադրբեջանը խախտի որոշումը

Արցախա–ադրբեջանական շփման գծում մարտական գործողությունների հիման վրա ՀՀ կառավարության կողմից ներկայացված դիմումի հետ կապված ՄԻԵԴ-ի որոշմումը խախտելը Ադրբեջանի համար կարող է բավականին բարդ հետևանքներ ունենալ:

Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՄԻԵԴ-ում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:

«Դատարանի որոշման պայմանները չկատարելն առաջացնում է Եվրոպական կոնվենցիայի 34-րդ հոդվածի խախտում: Եթե լինի նման բան, ապա դատարանն այդ հարցին պետք է անդրադառնա իր վճռով: Հետևանքները բավականին բարդ կլինեն»,- նշեց Կիրակոսյանը:

Նրա խոսքով` վերջին տարիների ընթացքում Ադրբեջանը նման լուրջ խնդիրների առաջ կանգնել է, ուստի չի բացառվում, որ հիմա էլ նման սցենար լինի։

Հայաստանի Հանրապետությունը դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով, այն է՝ պարտադրել Ադրբեջանին դադարեցնելու քաղաքացիական օբյեկտների ռմբակոծումը ՀՀ-ի և Արցախի Հանրապետության շփման գծի ողջ երկայնքով, ձեռնպահ մնալ ոչ ընտրանքային հարձակողական գործողություններից, քաղաքացիներին, քաղաքացիական օբյեկտները և բնակավայրերը թիրախավորելուց:

Մասնավորապես՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ստեղծված իրավիճակը կարող է հանգեցնել Կոնվենցիայի լրջագույն խախտումների, ՄԻԵԴ-ը 7 դատավորից կազմված Պալատի կազմով որոշել է կիրառել Դատարանի կանոնների 39-րդ կանոնը։ Նման խախտումներ կանխելու համար, ինչպես նաև 39-րդ կանոնի համաձայն՝ ՄԻԵԴ-ը կոչ է անում և՛ Ադրբեջանին, և՛ Հայաստանին զերծ մնալ այնպիսի միջոցներից՝ մասնավորապես, ռազմական գործողություններից, որոնք կարող են հանգեցնել քաղաքացիական բնակչության կոնվենցիոն իրավունքների խախտման, այդ թվում՝ վտանգել նրանց կյանքն ու առողջությունը։ ՄԻԵԴ-ը Ադրբեջանին և Հայաստանին նաև կոչ է անում կատարել իրենց կոնվենցիոն պարտավորությունները, հատկապես Կոնվենցիայի 2-րդ (կյանքի իրավունք) և 3-րդ (խոշտանգումների և անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի արգելք) հոդվածների առումով։ Երկու պայմանավորվող բարձր կողմերն էլ, հնարավորինս սեղմ ժամկետում, իրենց պարտավորությունների կատարման մասին տեղեկություն պետք է ներկայացնեն Եվրոպական դատարան:

Սեպտեմբերի 29-ի գիշերը, լույս 30-ին հակառակորդը, չնայած ՄԻԵԴ-ի կայացրած որոշմանը, Ստեփանակերտի ուղությամբ կրկին հարվածներ է հասցրել ԱԹՍ-ներով: