կարևոր
1071 դիտում, 1 տարի առաջ - 2020-09-30 13:18

Հայաստանը պատրաստվում է առաջիկայում նոր, լրացուցիչ տեղեկություններ ներկայացնել ՄԻԵԴ

Հայաստանը պատրաստվում է առաջիկայում նոր, լրացուցիչ տեղեկություններ ներկայացնել ՄԻԵԴ

 Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջիկայում պատրաստվում է իր կողմից ձեռնարկված միջոցառումների մասին նոր և լրացուցիչ տեղեկություններ ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՄԻԵԴ-ում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը սեպտեմբերի 29-ին ՀՀ դիմումի հիման վրա Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու որոշում է կայացրել: Բացելով փակագծերը՝ Կիրակոսյանը նշեց, որ միջանկյալ միջոց կիրառելը ժամանակավոր և հրատապ միջոց է, որը դատարանը կիրառում է այն դեպքերում, երբ առկա է անդառնալի հետևանքների վտանգ:

«Նման նախադեպեր, որ պետության դիմումի հիման վրա դատարանը կայացնում է միջանկյալ միջոց, եզակի են եղել: Սա երրորդն է (առաջին 2-ն Ուկրաինայի դիմումի հիման վրա կայացրած որոշումներ են եղել): Բոլոր դեպքերում էլ դատարանն անդրադառնում է երկու կողմին էլ: Մեզ համար սա մեծ հաջողություն է, քանի որ ՀՀ-ի կողմից ներկայացված ապացույցների հիման վրա է այս որոշումը կայացվել, ինչպես նաև դատարանը նույնիսկ հարկ չի համարել այն ուղարկել Ադրբեջանի կառավարությանը՝ լրացուցիչ տեղեկություն ստանալու նպատակով: Սա բավարար է եզրակացնելու, որ մեր ներկայացրած ապացույցները հիմնարար են եղել ՄԻԵԴ-ի համար միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ որոշումը կայացնելու համար»,- նշեց Կիրակոսյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանի Հանրապետությունն առաջիկայում ներկայացնելու է նոր, լրացուցիչ տեղեկություններ իր կողմից ձեռնարկված միջոցառումների մասին: ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչն ընդգծեց, որ սպասելու են նաև Ադրբեջանի կառավարության կողմից արձագանքին, որի հիման վրա նույնպես կներկայացնեն մեկնաբանություններ:

«Մենք դիմումը ներկայացրել ենք կիրակի օրը՝ սեպտեմբերի 27-ին, սակայն երեկ առավոտյան էլ, երբ իմացանք Վարդենիսի ուղղությամբ տարվող գործողությունների մասին, կրկին տվյալներ և ապացույցներ ենք ներկայացրել: Երեկոյան ավելի մանրամասն տեղեկություններ ենք ներկայացրել, նաև տուժածների մասով»,- ասաց Կիրակոսյանը:

Հայաստանի Հանրապետությունը դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով, այն է՝ պարտադրել Ադրբեջանին դադարեցնելու քաղաքացիական օբյեկտների ռմբակոծումը ՀՀ-ի և Արցախի Հանրապետության շփման գծի ողջ երկայնքով,պարտադրել Ադրբեջանին ձեռնպահ մնալ ոչ ընտրանքային հարձակողական գործողություններից, պարտադրել Ադրբեջանին ձեռնպահ մնալ քաղաքացիներին, քաղաքացիական օբյեկտները և բնակավայրերը թիրախավորելուց:

Մասնավորապես՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ստեղծված իրավիճակը կարող է հանգեցնել Կոնվենցիայի լրջագույն խախտումների, ՄԻԵԴ-ը 7 դատավորից կազմված Պալատի կազմով որոշել է կիրառել Դատարանի կանոնների 39-րդ կանոնը։ Նման խախտումներ կանխելու համար, ինչպես նաև 39-րդ կանոնի համաձայն՝ ՄԻԵԴ-ը կոչ է անում և Ադրբեջանին և Հայաստանին զերծ մնալ այնպիսի միջոցներից, մասնավորապես ռազմական գործողություններից, որոնք կարող են հանգեցնել քաղաքացիական բնակչության կոնվենցիոն իրավունքների խախտման, այդ թվում՝ վտանգել նրանց կյանքն ու առողջությունը։ ՄԻԵԴ-ը նաև կոչ է անում Ադրբեջանին և Հայաստանին կատարել իրենց կոնվենցիոն պարտավորությունները, հատկապես Կոնվենցիայի 2-րդ (կյանքի իրավունք) և 3-րդ (խոշտանգումների և անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի արգելք) հոդվածների առումով։

Երկու բարձր պայմանավորվող կողմերն էլ, հնարավորինս սեղմ ժամկետում, իրենց պարտավորությունների կատարման մասին տեղեկություն պետք է ներկայացնեն Եվրոպական դատարան: