կարևոր
1732 դիտում, 1 տարի առաջ - 2020-09-30 12:20

Վիրավոր զինվորների տեղափոխումն իրականացվում է 2 սանիտարական ուղղաթիռներով, շտապօգնության մեքենաներով

Վիրավոր զինվորների տեղափոխումն իրականացվում է 2 սանիտարական ուղղաթիռներով, շտապօգնության մեքենաներով

Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով վիրավորված զինվորների տեղափոխման կարևոր առաքելությունն իրականացնում են 2 սանիտարական ուղղաթիռներ, շտապօգնության մեքենաներ՝ հարյուրավոր բուժաշխատողներով: Այս մասին «Ինստագրամ»-ի իր էջում հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Այս օրերին միաժամանակ 2 սանիտարական ուղղաթիռ և մի քանի տասնյակ շտապօգնության մեքենաներ իրենց 100-ավոր խիզախ բուժաշխատողներով պատվով իրականացնում են մեր վիրավոր զինվորների տեղափոխման կարևոր առաջադրանքը»,-նշել է Թորոսյանն ու  շնորհակալություն հայտնել գործընկերներին՝ նման նվիրումի ու անտրտունջ աշխատանքի համար։

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, դպրոցները, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով Արցախում ընդհանուր առմամբ զոհվել է 4 քաղաքացի՝ 2 երեխա, 1 կին և 1 տղամարդ: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ և այրվել է քաղաքացիական ավտոբուս` Ադրբեջանի ԶՈՒ-ին պատկանող ԱԹՍ-ի հարվածից: Հայկական Զինուժն ունի 80 զոհ և շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ ՀՀ-ում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային ավելի քան 790 կորուստ և 1900 վիրավոր: Հակառակորդը կորցրել է 74 անօդաչու թռչող սարք, 7 ուղղաթիռ, 137 տանկ և զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ, 82 ավտոտրանսպորտ, 3 ինժեներատեխնիկական ծանր զրահատեխնիկա, 4 զրահափոխադրիչ: