Արցախի շփման գծի ողջ երկայնքով շարունակում են ինտենսիվ մարտեր ընթանալ՝ հատկապես հյուսիսային և հյուսիս-արևելյան ուղղություններով:
Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱՀ նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը:
«Պաշտպանության բանակը կարողանում է ինտենսիվ կերպով կասեցնել բոլոր այն հարձակողական գործողությունները, որ իրականացնում է հակառակորդի բանակը՝ թուրքական զինուժի աջակցությամբ: Անցյալ գիշեր նրանց բոլոր հարձակողական գործողությունները ձախողվել են, և այս պահի դրությամբ հակառակորդն ունի կենդանի ուժի և զինտեխնիկայի շատ մեծ կորուստներ»,- նշեց Պողոսյանը:
Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային ավելի քան 790 կորուստ և 1900 վիրավոր: Հակառակորդը կորցրել է 74 անօդաչու թռչող սարք, 7 ուղղաթիռ, 137 տանկ և զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ, 82 միավոր ավտոտրանսպորտ, 3 միավոր ինժեներատեխնիկական ծանր զրահատեխնիկա, 4 զրահափոխադրիչ:
Հայկական Զինուժն ունի 80 զոհ և շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։
Արցախում ընդհանուր առմամբ զոհվել է 4 քաղաքացիական անձ՝ 2 երեխա, 1 կին և 1 տղամարդ: