318 դիտում, 2020.09.30 02:29

ԱՄՆ կոնգրեսականները դատապարտել են Ադրբեջանին և Թուրքիային բախումն Արցախից Հայաստան ընդլայնելու համար

ԱՄՆ կոնգրեսականները դատապարտել են Ադրբեջանին և Թուրքիային բախումն Արցախից Հայաստան ընդլայնելու համար

Կոնգրեսի անդամների մի լայն զանգված՝ ինչպես Սենատից, այնպես էլ Ներկայացուցիչերի պալատից, հայտարարություններ են տարածել, որոնցով դատապարտում են Ադրբեջանին և Թուրքիային՝ ազատ և անկախ Արցախի Հանրապետության դեմ ռազմական հարձակման համար, հարձակում, որն ընդլայնվեց նաև դեպի Հայաստան: Այս մասին տեղեկացնում է ANCA-ն:

«ANCA-ն ԱՄՆ Կոնգրեսին կոչ է անում անհապաղ քայլեր ձեռնարկել Բաքվում Ալիևի ռեժիմին տրամադրվող ԱՄՆ ռազմական օգնությունը դադարեցնելու և Թուրքիայի դեմ լայն ռազմական և տնտեսական պատժամիջոցներ կիրառելու համար»,-ասել է ANCA-ի նախագահ Րաֆֆի Համբարյանը:

Հարձակումից հետո առաջին 48 ժամվա ընթացքում ANCA-ն և իր աջակիցները ավելի քան 100 000 նամակ են ուղարկել Սպիտակ տուն `հորդորելով, մասնավորապես, դադարեցնել ԱՄՆ ռազմական օգնությունն Ադրբեջանին, պատժել ՆԱՏՕ-ի «դաշնակից» Թուրքիային:

ԱՄՆ սենատոր Ռոբերտ Մենենդեսը հայտարարել է. «Ես խստորեն դատապարտում եմ Ադրբեջանի հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա, մինչդեռ ագրեսիվ գործողությունները ստանում են Թուրքիայի աջակցությունը»: Նա շեշտել է, որ Թրամփի վարչակազմը պետք է դադարեցնի անվտանգության համար աջակցությունը Ադրբեջանին: ԱՄՆ սենատոր Էդ Մարկեյն էլ շեշտել է, որ կանգնած է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողքին: «Թուրքիան քաջալերում է Ադրբեջանին՝ Հայաստանի դեմ ռազմական օգնությամբ և սադրիչ հայտարարություններով, որոնք խաթարում են միջնորդական ջանքերը: ԱՄՆ-ն պետք է աջակցի տարածաշրջանում խաղաղության հասնելու ջանքերին»-ասել է սենատորը:

ԱՄՆ սենատոր Ջեք Ռիդն ասել է.«Հայերը իրավունք ունեն պաշտպանվել, երբ հարձակվում են: Ես խորապես մտահոգված եմ Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական ուժերի և հայկական զորքերի միջև ծանր մարտերի սրմամբ: Կոչ եմ անում զսպվածություն և քայլեր ձեռնարկել՝ կանխելու խաղաղ բնակչությանը հետագա վնասների կրումից: Նախագահ Թրամփը պետք է հետամուտ լինի ռազմական գործողությունների անհապաղ դադարեցմանը և նպաստի վեճի խաղաղ կարգավորումը»: Նա նաև նշել է, որ տարածաշրջանի բոլոր երկրները պետք է աշխատեն այս ճգնաժամը մեղմելու ուղղությամբ:

Հայկական կողմին քաջալերող, աջակցող հայտարարություններով են հանդես եկել նաև կոնգրեսական Դոն Բեյերը, Թոնի Կարդենասը, սենատոր Քորի Բուքերը և մի խումբ այլ կոնգրեսականներ: