440 դիտում, 2020.09.30 02:15

Կոսաչովը ծայրաստիճան վտանգավոր է որակել իրավիճակը Լեռնային Ղարաբաղում

Կոսաչովը ծայրաստիճան վտանգավոր է որակել իրավիճակը Լեռնային Ղարաբաղում

Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովը ծայրաստիճան վտանգավոր է որակել Լեռնային Ղարաբաղում իրավիճակը: «Вместе-РФ»-ին տված հարցազրույցում Կոսաչովը ասել է,  որ իրավիճակը վտանգավոր է՝ հաշվի առնելով այն փաստը, որ այս հակամարտության ընթացքում արձակված յուրաքանչյուր նոր փամփուշտ հանգեցնում է պատասխան գործողությունների: 

«Եվ փակ ցիկլ է առաջանում: Ահա թե ինչու  միշտ ասել ենք, և դա մեզ հաստատեցին ինչպես Երևանում, այնպես էլ Բաքվում, որ անհրաժեշտ է ինչ-որ կերպ լուծել այս հակամարտությունը, բացի ռազմական ճանապարհից», - ասել է Կոսաչովը:

Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի նախագահի խոսքով՝ ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական կողմերը համաձայն են, որ այս հակամարտությունը չունի ռազմական լուծում:

Նա հայտարարել է, որ որքան երկար շարունակվի ուժերի բախումը, այնքան քիչ տեղ կմնա բանակցային սեղանի շուրջ նստելու համար:

Բացի այդ, խորհրդարանականը կարևորել է արտաքին դերակատարների դերը `միևնույն ժամանակ շեշտելով, որ նրանք չպետք է փորձեն  զարգացնել այդ հակամարտությունը իրենց սեփական շահերից ելնելով :

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, դպրոցները, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով Արցախում ընդհանուր առմամբ զոհվել է 4 քաղաքացի՝ 2 երեխա, 1 կին և 1 տղամարդ: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ և այրվել է քաղաքացիական ավտոբուս` Ադրբեջանի ԶՈՒ-ին պատկանող ԱԹՍ-ի հարվածից: Հայկական Զինուժն ունի 80 զոհ և շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ ՀՀ-ում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային ավելի քան 790 կորուստ և 1900 վիրավոր: Հակառակորդը կորցրել է 72 անօդաչու թռչող սարք, 7 ուղղաթիռ, 137 տանկ և զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ, 82 ավտոտրանսպորտ, 3 ինժեներատեխնիկական ծանր զրահատեխնիկա, 4 զրահափոխադրիչ: