կարևոր
1966 դիտում, 2 տարի առաջ - 2020-09-29 23:58

ԵԱՀԿ մշտական խորհուրդը հատուկ նիստ է գումարել․ հորդորել են կողմերին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները

ԵԱՀԿ մշտական խորհուրդը հատուկ նիստ է գումարել․ հորդորել են կողմերին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները

ԵԱՀԿ Մշտական խորհուրդը հատուկ նիստ է գումարել՝ քննարկելով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը: Ներկա են եղել ԵԱՀԿ 57 մասնակից պետությունների ներկայացուցիչները:

Բացման խոսքում Մշտական խորհուրդը նախագահող դեսպան Իգլի Հասանին կրկնել է ԵԱՀԿ նախագահության կոչը` անհապաղ ապաէսկալացնել իրավիճակը: ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը հայտարարել է, որ մշտական կապի մեջ է կողմերի հետ եւ նշել է, որ իր թիմը պատրաստ է վերսկսել մոնիթորինգը, երբ իրավիճակը դա թույլ տա:

Մինսկի խմբի համանախագահ երկրների` Ֆրանսիայի, Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների ներկայացուցիչները կրկնել են համանախագահների կոչն ուղղված բոլոր կողմերին` անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները եւ վերսկսել բանակցությունները` հակամարտության կայուն կարգավորում գտնելու համար:

ԵԱՀԿ-ում Ալբանիայի նախագահությունը նույնպես հայտարարել է խնդիրը բանակցային ճանապարհով լուծելու կարեւորության եւ համանախագահների ու դեսպան Կասպշիկի աշխատանքներին աջակցելու մասին` տեղում իրավիճակի կայունացմանն ուղղված նրանց ջանքերում: