364 դիտում, 2020.09.29 23:42

Թուրքիան փնտրում է ԼՂ հակամարտության մեջ ավելի լայնամասշտաբ ներգրավման առիթ. Նիկոլ Փաշինյան

Թուրքիան փնտրում է ԼՂ հակամարտության մեջ ավելի լայնամասշտաբ ներգրավման առիթ. Նիկոլ Փաշինյան

Թուրքիան փնտրում է ղարաբաղյան հակամարտության մեջ ավելի լայնամասշտաբ ներգրավվելու և իր զորքերը  Նախիջևան մտցնելու առիթ: Տեղեկություններ կան, որ այնտեղ արդեն առկա են թուրքական բանակի որոշ ստորաբաժանումներ: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Россия 24» հեռուստաալիքի «60 минут» հաղորդմանը տված հարցազրույցում։

Ներկայացնում ենք հարցազրույցի՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի տրամադրած թարգմանությունն ամբողջությամբ։

Հարց - Բարև Ձեզ, Նիկոլ Վովայի: Առաջին հերթին կխնդրեինք Ձեզ մեկնաբանել, թե ինչ է տեղի ունենում հենց այս պահին: Շատ տագնապային լուրեր են ստացվում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Այսօր առավոտվանից նորությունն այն է, որ Ադրբեջանն արդեն ուղղակիորեն ռմբակոծում էր Հայաստանի Հանրապետության գյուղերը: Իսկ դրանից առաջ՝ սեպտեմբերի 27-ին, Ադրբեջանի զինված ուժերն սկսեցին լայնամասշտաբ ռազմական ագրեսիա Լեռնային Ղարաբաղի դեմ, և նրանք, արդեն 3 օր է, ռմբակոծում են Լեռնային Ղարաբաղի բնակավայրերը՝ օգտագործելով հրետանի և համազարկային կրակի հրթիռային համակարգեր: Ցավոք, մենք զոհեր ունենք ոչ միայն զինվորականների, այլ նաև քաղաքացիական բնակչության շարքերում:

Շատ կարևոր է մեկ հանգամանք. Թուրքիան գործնականում ներառված է այս գործընթացում: Մեր հավաստի տեղեկատվության համաձայն՝ ռազմական հրահանգիչներ և բարձրաստիճան զինվորականներ են հիմա գտնվում Ադրբեջանի հրամանատարական կետերում, և որոշ տեղերում նրանք նույնիսկ ղեկավարում են ռազմական գործողությունները:

Եվս մեկ շատ կարևոր հանգամանք՝ միջազգային մամուլում  արդեն բազմաթիվ հրապարակումներ են եղել այն մասին, որ Թուրքիան վարձկաններ է հավաքագրում Սիրիայի տարածքում և նրանց տեղափոխում է Ադրբեջան՝ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության դեմ պատերազմին մասնակցելու նպատակով: Իմիջիայլոց, տեղեկատվություն կա առ այն, որ Ադրբեջանի բնակավայրերում արդեն որոշակի բախումներ են եղել այդ վարձկանների և տեղացի բնակիչների միջև, քանի որ վարձկանները փորձում են շարիաթի օրենքները տարածել այդ գյուղերում՝ մտնում են խանութներ և պահանջում են, որպեսզի այդ խանութներում դադարեցնեն ալկոհոլային խմիչքների վաճառքը և այլն, և նմանատիպ բաներ:

Հարց – Ասացեք, խնդրեմ, պարոն Փաշինյան, հենց  նոր տեղեկատվություն տարածվեց, որ թուրքական F-16 կործանիչը խոցել է ՀՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի Սու-25 գրոհիչը: Ի դեպ, տեղեկատվության առումով հղում է արվում Հայաստանի պաշտպանության նախարարությանը: Օդաչուն զոհվել է: Ձեզ այդ տեղեկությունը հայտնի՞ է: Ի՞նչ կարող է դա նշանակել, եթե արդեն օդում բախվում են Հայաստանի և Թուրքիայի ինքնաթիռները:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Դա արդեն կայացած փաստ է, և ևս մեկ ապացույցն այն բանի, ինչի մասին ես խոսում էի: Գիտեք, ակնհայտ է, որ և՛ Հայաստանը, և՛ Լեռնային Ղարաբաղի հայերը գտնվում են Թուրքիայի անմիջական սպառնալիքի ներքո: Մեր տեղեկությունների համաձայն՝ Թուրքիան առիթ է փնտրում այս հակամարտության մեջ ավելի լայնամասշտաբ ներգրավման համար, և նրանք առիթ են փնտրում, որպեսզի իրենց զորքերը մտցնեն Նախիջևան: Դա ադրբեջանական անկլավ է, որը սահմանակից է Թուրքիային, Հայաստանին և Իրանին, չնայած արդեն տեղեկություններ կան, որ այնտեղ արդեն առկա են թուրքական բանակի որոշ ստորաբաժանումներ: Ընդհանրապես, այդտեղ որևէ գաղտնիք չկա, որովհետև օգոստոսից թուրքական զորքերն արդեն գտնվում են Ադրբեջանում: Նրանք համատեղ ռազմական զորավարժություններ էին սկսել, և այս պատերազմն սկսեց որպես այդ ռազմական զորավարժությունների շարունակություն:

Հարց – Նիկոլ Վովայի, այսօր արդեն շատ փորձագետներ բավական կոշտ կերպով են բնորոշում և մեկնաբանում այն ամենը, ինչ տեղի է ունենում Ղարաբաղում՝ հնչում է պատերազմ բառը: Որքանո՞վ է կոռեկտ և տեղին օգտագործել այդ բառը, և կարելի՞ է հիմա արդյոք որևէ բան ձեռնարկել՝ և՛ արդյունահեղությունը, և՛ կրակը դադարեցնելու համար:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Իհարկե, դա կոռեկտ ձևակերպում է, որովհետև պատերազմ է ընթանում՝ կան շատ ավերածություններ, զոհեր, և ներգրավված են մեծաթիվ զինծառայողներ: Եվս մեկ նյուանս. ինչպես գիտեք, 20-րդ դարի սկզբին տեղի ունեցավ 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը: Այն տեղի ունեցավ Օսմանյան կայսրությունում, և հայ ժողովուրդն այդ ցեղասպանության զոհը դարձավ: Այդ պատճառով մենք բոլորս դա ընկալում ենք որպես էքզիստենցիալ սպառնալիք մեր ժողովրդի համար, փաստացի որպես հայ ժողովրդին հայտարարված պատերազմ, և մեր ժողովուրդը հիմա ուղղակի հարկադրված է օգտագործել ինքնապաշտպանության իր իրավունքը:

Ի՞նչ կարելի է անել: Միջազգային հանրությունը պետք է վճռականորեն դատապարտի Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները և ագրեսիան, դատապարտի Թուրքիայի գործողությունները և պահանջի, որպեսզի Թուրքիան ընդհանրապես դուրս գա այս տարածաշրջանից, քանի որ Թուրքիայի ռազմական ներկայությունը Հարավային Կովկասում որևէ լավ բան չի խոստանում: Դա կարող է հանգեցնել հետագա էսկալացիայի և ռազմական գործողությունների, այս պատերազմի մասշտաբների ընդլայնման: Եվ հիմա միջազգային հանրությունը պետք է կոնկրետ ջանքեր գործադրի, որպեսզի ստիպի Թուրքիային դուրս գալ Հարավային Կովկասից և ստիպի Ադրբեջանին դադարեցնել ագրեսիան, ռազմական գործողությունները:

Հարց – Պարոն վարչապետ, Ձեզ այլևս չենք ուշացնի՝ գիտենք, որ շտապում եք զինվորականների հետ խորհրդակցության, և շատ կարճ մեկ հարց՝ բանակցային ինչպիսի՞ ձևաչափեր հիմա կարող են աշխատել, թե՞ բոլոր պայմանավորվածություններն արդեն անցյալում են թողնվել, օրինակ, պայմանականորեն կազանյան ձևաչափը, որով դուք պետք է մի քանի գյուղ ազատեք: Այդ բոլոր պայմանավորվածությունները ջնջվա՞ծ են թե՞ դեռ հնարավոր է դրանցով առաջ շարժվել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Գիտեք, ինչ վերաբերում է բանակցային գործընթացին, մեր պատկերացումն այն է, որ այն պետք է շարունակվի այնտեղ, որտեղ սկսվել է. դա Մինսկի խմբի համանախագահությունն է: Ինչ վերաբերում է կոնկրետ բանակցություններին, դրա համար պետք է համապատասխան մթնոլորտ ունենալ: Շատ դժվար է խոսել բանակցությունների և հատկապես դրանց բովանդակության մասին, երբ կոնկրետ ռազմական գործողություններ են ընթանում:

Նախ և առաջ պետք է դադարեցնել բռնությունը, և պետք է արձանագրել և Ադրբեջանը պետք է ընդունի այն բանաձևը, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը ռազմական լուծում չունի: Այս պատերազմը զրոյից չի սկսել: Երկար ժամանակ շարունակ Ադրբեջանի կառավարությունը զարգացնում է հայերի նկատմամբ   ատելության հռետորաբանություն և երկար ժամանակ սպառնում է, որ ի հեճուկս միջազգային կոչերի՝ պատրաստվում է Լեռնային Ղարաբաղի հարցը լուծել ռազմական ճանապարհով:

Ես հուսով եմ, որ գոնե այս իրադարձությունները և այսօրվա մեր ունեցած իրավիճակը կհամոզեն Ադրբեջանին, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական լուծում չունի: Որովհետև Ադրբեջանի զինված ուժերը տապալել են, կարծում եմ,  իրենց ռազմաքաղաքական ղեկավարության կողմից իրենց առջև դրված խնդրի լուծումը և չեն կարողացել որևէ հաջողության հասնել ռազմական իմաստով, ռազմաճակատում, այսինքն՝ նրանք չեն կարողացել լուծել իրենց խնդիրը: Հուսով եմ, որ դա կհամոզի Ադրբեջանին, որ այս հակամարտությանը ռազմական լուծում չկա:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության համար կա միայն խաղաղ և բանակցային լուծում, և ցանկացած որոշում պետք է ընդունելի լինի ոչ միայն Ադրբեջանի, այլև Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի համար: Ցանկանում եմ արձանագրել, որ երբ ես դարձա վարչապետ, առաջարկել եմ և շարունակում եմ առաջարկել այս հակամարտության լուծման կոնկրետ բանաձև՝ ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովուրդների համար: Երկրների հիշատակման հերթականությունը որևէ նշանակություն չունի, նկատի ունեմ՝ այդ որոշումը պետք է հավասարապես ընդունելի լինի:

 Եվ, ցավոք, Ադրբեջանի կառավարությունը, Ադրբեջանի նախագահը, ցանկանում են հասնել այնպիսի լուծման, որն ընդունելի կլինի միայն Ադրբեջանի համար: Դա անհնար է: Պետք է փոխզիջում, և փոխզիջման համար փոխզիջման մթնոլորտ է պետք: Դրա համար Ադրբեջանը պետք է անհապաղ դադարեցնի Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դեմ ագրեսիան, քանի որ Ադրբեջանն է սկսել: Իմիջիայլոց, դա եղել է նախապես պլանավորված օպերացիա, և որևէ կասկած չկա, որ այդ օպերացիան պլանավորվել է Թուրքիայի զինված ուժերի հետ համատեղ զորավարժությունների ընթացքում: