438 դիտում, 2020.09.29 21:09

ԱՀ նախագահ Հարությունյանը և ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այցելել են ազատամարտիկներին

ԱՀ նախագահ Հարությունյանը և ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այցելել են ազատամարտիկներին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 29-ին ընդունել է արտահերթ աշխատանքային այցով Արցախ ժամանած ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին:

Ինչպես տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, երկրի ղեկավարը բարձր է գնահատել Արցախի Հանրապետության նկատմամբ ՀՀ իշխանությունների ձեռնարկած օպերատիվ գործողություններն ադրբեջանական լայնամասշտաբ ագրեսիային դիմագրավելու ուղղությամբ՝ համոզմունք հայտնելով, որ հայ ժողովրդի միասնական ու համախմբված ջանքերի շնորհիվ հնարավոր է լինելու հաղթահարել ցանկացած մարտահրավեր:

Տիգրան Ավինյանն իր հերթին դատապարտել է պաշտոնական Բաքվի ռազմաքաղաքական ղեկավարության դրսևորած ագրեսիվ և հանցավոր վարքագիծն՝ ընդգծելով, որ հակամարտությունն ուժային տարբերակով լուծելու ցանկացած փորձ անընդունելի է:

Նրանք միասին այցելել են Պաշտպանության բանակին աջակցության ձեռք մեկնած ազատամարտիկներին, զրուցել նրանց հետ, ինչպես նաև եղել են ռազմավարական նշանակության մի շարք օբյեկտներում: