182 դիտում, 2020.09.29 18:33

Արմեն Գրիգորյանը շփման գծում տիրող իրավիճակը ներկայացրել է Բելառուսի և Տաջիկստանի գործընկերներին

Արմեն Գրիգորյանը շփման գծում տիրող իրավիճակը ներկայացրել է Բելառուսի և Տաջիկստանի գործընկերներին

Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույցներ է ունեցել Բելառուսի անվտանգության խորհրդի քարտուղար Վալերի Վակուլչիկի և Տաջիկիստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նասրուլո Մահմուդզոդայի հետ: Արմեն Գրիգորյանն այս մասին հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջի միջոցով:

«Քիչ առաջ հեռախոսազրույցներ ունեցա նաև Բելառուսի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Վալերի Վակուլչիկի և Տաջիկստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նասրուլո Մահմուդզոդայի հետ:

Հեռախոսազրույցների ընթացքում անդրադարձել եմ ս.թ. սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմին, Ադրբեջանի կողմից հակամարտությունը Հայաստանի Հանրապետության տարածք տեղափոխելու և խաղաղ բնակչությանը թիրախավորելու փաստերին: Զուգահեռաբար, մատնանշել եմ տարածաշրջանային անվտանգության վրա բացասական ազդեցություն ունեցող Թուրքիայի՝ որպես ապակայունացնող գործոն լինելու հանգամանքը:

Ընդգծել եմ, որ Արցախի Պաշտպանության բանակը ռազմաճակատի ողջ երկայնքով, ինչպես նաև ՀՀ Զինված ուժերը մեր երկրի սահմաններն անառիկ պահելու առումով փայլուն կերպով կատարում են իրենց առջև դրված բոլոր մարտական առաջադրանքները և իրավիճակը պահում են լիակատար վերահսկողության տակ:

Բելառուսի և Տաջիկստանի անվտանգության խորհրդի քարտուղարները մտահոգություն են հայտնել ստեղծված իրավիճակի առնչությամբ և ընդգծել են հակամարտության միմիայն խաղաղ ճանապարհով կարգավորման անհրաժեշտությունը»,- գրել է Արմեն Գրիգորյանը: