334 դիտում, 2020.09.29 17:22

Ջավախքը անսասան բարեկամության ու իրար սատար կանգնելու սկզբունքներում պահելը բխում է երկուստեք շահերից․ Արտակ Գաբրիելյան

Ջավախքը անսասան բարեկամության ու իրար սատար կանգնելու սկզբունքներում պահելը բխում է երկուստեք շահերից․ Արտակ Գաբրիելյան

Սամցխե-Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի համակարգող Արտակ Գաբրիելյանը գրել է․

«Սույն թվականի սեպտեմբերի 27-ին վաղ առավոտյան Ադրբեջանական կողմը, հերթական անգամ խախտելով տարածաշրջանում ձեռք բերված հարաբերական խաղաղությունն ու զինադադարը, Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սկսել է լայնամասշտաբ հարձակում և ռազմական գործողություններ՝ ի գործ դնելով իր տրամադրության տակ եղած ողջ զինական ռեսուրսները, ռմբարկելով ինչպես ամբողջ շփման գիծը, այնպես էլ խաղաղ քաղաքացիական բնակավայրերը: Հարձակումից առաջ և հետո Ադրբեջանի նախագահի հայտարարությունները վկայում են, որ Ադրբեջանը վաղուց էր նախապատրաստվել տվյալ էսկալացիային, ինչպես նաև այն, որ ադրբեջանական կողմն իր վրա է վերցնում սանձազերծված պատերազմի և դրա հետևանքների ողջ պատասխանատվությունը: Պաշտոնական Թուրքիայի՝ բարձր մակարդակով տարածած հայտարարությունները առ այն, որ ցանկացած առումով աջակցում է եղբայրական Ադրբեջանին հստակեցնում են, որ սկսված ռազմական գործողությունների հետևում անմիջականորեն կանգնած է հենց Թուրքիան:

Ամբողջ աշխարհն այս իրողությանն արձագանքեց խաղաղության և փոխըմբռնման կոչերով, գտնվեցին նաև այնպիսի երկրներ, որոնք բարձրագույն մակարդակով բարձրաձայնեցին ադրբեջանա-թուրքական կողմի ագրեսիայի մասին տարածաշրջանում: Վրաստանը նույնպես արձագանքեց, սակայն Վրաստանի գործող պառլամենտում պատգամավորական մանդատ ունեցող ազգությամբ ազերի երկու պատգամավորներ իրենց թույլ են տվել դուրս գալ պետական մակարդակով արված հայտարարության սահմաններից և ռազմատենչ կոչեր հղել Իլհամ Ալիևին: Նրանք չեն խորշել հայկական կողմին Վրաստանի դեմ դավեր նյութելու և հանցագործություն իրականացնելու մեջ մեղադրելուց՝ այսպիսով փորձելով խառնակչություն մտցնել երկու բարեկամ ժողովուրդների խաղաղ համակեցության մեջ:

Վրացական կողմից որևէ հակադարձում իր պաշտոնյաների խոսքին չի եղել, այնինչ տեղին է հիշեցնել ամիսներ առաջ Վրաստանում գտնվող և վրացիների համար սրբազան ուխտատեղի հանդիսացող Դավիթ Գարեջայի վանական համալիր ուղղված վրաց ուխտավորների շարժի արգելակումն ադրբեջանցի զինվորականների կողմից, որի համար պաշտոնական Բաքուն որևէ հիմնավորում չի ներկայացրել: Ախալքալաք-Նինոծմինդայից մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորը ևս արձագանքել է Արցախում ստեղծված իրավիճակին՝ շեշտելով ադրբեջանա-թուրքական համագործակցության փաստը և այն, որ խաղաղարարական բոլոր փորձերը, որոնք ծավալել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն այս հարցում, ոտնահարվում են Ադրբեջանի կողմից, ինչպես նաև ջավախահայության անունից զորակցություն հայտնելով Արցախում մարտնչող իրենց եղբայրներին: Դատապարտող կոչերով և Հայ ազգին ուղղված քաջալերանքի խոսքով են հանդես եկել նաև Վրաստանի պառլամենտական ընտրություններին Ջավախքի տարածքում առաջադրված պատգամավորական թեկնածուները, Շրջանային ժողովի պատգամավորները և պաշտոնատար անձիք:

Ստեղծված իրավիճակն ամփոփելով՝ անհնար է չնկատել, որ տարածաշրջանում Հայկական ու Վրացական պետությունները մնացել են որպես քրիստոնեական միացյալ հանգրվան, որը միացյալ համաթուրքական աշխարհի տեսլական հետապնդող Թուրքիայի և նրա խամաճիկ Ադրբեջանի համար անցանկալի միավորում է: Պետք չէ մոռանալ, որ երկու եղբայրական ժողովուրդներն ու նրանց կամուրջի նման ամուր կապող Ջավախքը անսասան բարեկամության ու իրար սատար կանգնելու սկզբունքներում պահելը բխում է երկուստեք շահերից:

Սամցխե-Ջավախքի եւ Քվեմո Քարթլիի հայակական հասարակական կազմակերպությունների խորհուրդ»։