182 դիտում, 2020.09.29 17:19

Փորձագետները միջազգային հանրության թիրախավորված հայտարարությունների անհրաժեշտություն են տեսնում

Փորձագետները միջազգային հանրության թիրախավորված հայտարարությունների անհրաժեշտություն են տեսնում

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը եղել և մնում է միակ գործող հարթակը Ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման համար: Գործընթացը պետք է շարունակվի ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում: Ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանն ասուլիսում նշեց, որ հայկական կողմի միակ ակնկալիքը միջազգային կառույցներից, այդ թվում ՄԱԿ-ից, Ադրբեջանի ագրեսիան և Թուրքիային զսպելուն ուղղված կոչերն են:

Ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանն էլ ավելացրեց, որ ոչ Հայաստանի, ոչ Արցախի Հանրապետությունը թույլ չի տալու ղարաբաղյան հակամարտության քննարկման որևէ այլ ձևաչափ, բացի ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահությունից: Հարցի կարգավորման գործում որևէ այլ պետություն չի կարող ներգրավվել և այն որևէ այլ հարթակ չի կարող տեղափոխվել:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի սանձազերծած գործողություններին միջազգային հանրության գնահատականներին, ապա ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը նշեց, որ միջազգային հանրությունը գիտակցում է, թե ինչ է կատարվում տարածաշրջանում:

«Մենք միշտ ավելին ենք ակնկալելու, քան ստանում ենք: Այսօր հիմնականում հնչում են խաղաղությանը վերաբերող կոչեր և, այստեղ անհրաժեշտություն կա իսկապես թիրախավորված հայտարարությունների՝ ուղղված Ադրբեջանին և Թուրքիային»,-ասաց Տաթև Հայրապետյանը:

Փորձագետներն անդրադարձան նաև այս օրերին Հայաստանի դիվանագիտական կառույցների աշխատանքին՝ նշելով, որ բոլոր անհրաժեշտ քայլերն իրականացվում են, օպերատիվ կերպով օտարերկրյա պետություններն ու միջազգային կառույցները տեղեկացվում են տեղի ունեցող իրադարձությունների և իրավիճակի վերաբերյալ:  Միջազգային առումով ակտիվ աշխատանք է տարվում, բոլոր գործընկերները ամբողջությամբ տեղյակ են այս իրադարձություններից: