280 դիտում, 2020.09.29 16:53

Ընկերվար երիտասարդների միջազգային միությունը (IUSY) խստորեն դատապարտում է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից վերջին հարձակումը Արցախի վրա

Ընկերվար երիտասարդների միջազգային միությունը (IUSY) խստորեն դատապարտում է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից վերջին հարձակումը Արցախի վրա

Աշխարհի խոշորագույն երիտասարդական-քաղաքական կազմակերպությունը՝ Սոցիալիստ երիտասարդների միջազգային միությունը, որին անդամակցում է ՀՅ Դաշնակցության երիտասարդականը, հատուկ հայտարարությունով խստորեն դատապարտել է Արցախի վրա ադրբեջանական հարձակումը։

«Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակումներ է իրականացրել արցախա-ադրբեջանական շփման գոտում, ինչպես նաև ուղղակի հարձակումների է ենթարկվել Ստեփանակերտի և այլ քաղաքների խաղաղ բնակչությունը ևս: Ադրբեջանն իրականացնում է այս գործողությունները՝ ոտնակոխելով Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի միջև 1994 թ. կնքված հրադադարը, և  կորոնավիրուսի պանդեմիայի ընթացքում համընդհանուր հրադադար հաստատելու՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարության վերջին կոչը:

Ամենամտահոգիչ փաստն այն է, որ Թուրքիան լկտիաբար հայտարարել է Ադրբեջանին իր լայնամասշտաբ օգնության մասին:  Թուրքիան, ունենալով մարդու իրավունքների խախտումների երկարատև պատմական փորձ, ինչպես, օրինակ, բռնությունները քրդերի դեմ, ռազմական ներխուժումները Սիրիա և Լիբիա, Հունաստանի և Կիպրոսի դեմ եղած սադրանքները, շարունակում է վարել ռազմատենչ քաղաքականություն: Ե՛վ Թուրքիան,  և՛ Ադրբեջանը ոտնահարել են ժողովրդավարության սկզբունքները, տարիներ շարունակ ապակայունացրել տարածաշրջանը և շարունակում են խախտել խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում:

Ընկերվար երիտասարդների միջազգային միությունը (IUSY) խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից վերջին հարձակումը Արցախի վրա և հորդորում անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները, հատկապես՝ խաղաղ բնակչության ուղղությամբ: Պատմությունն ապացուցել է, որ ռազմական գործողությունը չի կարող որևէ կառուցողական բանի հանգեցնել, և երբևէ ոչ մի կողմը չի շահելու լայնածավալ պատերազմից:

IUSY-ն նաև դատապարտում է Թուրքիայի ագրեսիվ դիրքորոշումը և նրա շարունակական անխոհեմ քայլերը, որոնք նպաստում են տարածաշրջանի ապակայունացմանը:

IUSY-ը լիահույս է, որ հակամարտության խաղաղ լուծումը հնարավոր է միայն լարվածության թուլացման և բանակցությունների վարման ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գլխավորությամբ, միջազգային իրավունքի և 1975 թ. Հելսինկյան համաձայնագրերում ամրագրված սկզբունքների հիման վրա՝ բանակցային գործընթացի միջոցով:

IUSY-ն միջազգային հանրությանը կոչ է անում պահանջել ռազմական գործողությունների անհապաղ դադարեցում»,- ասվում է հայտարարության մեջ:

Ընկերվարական երիտասարդների միջազգային միությունը Ընկերվար-Միջազգայնականի ուղեկից երիտասարդական կազմակերպություն է, որին անդամակցում են ավելի քան 143 կազմակերպություններ աշխարհի շուրջ 100 երկրներից։ ՀՅԴ Երիտասարդականը ԸԵՄՄ-ի լիիրավ անդամ է։