386 դիտում, 2020.09.29 16:26

ՀՅԴ անդամ երիտասարդները կոչ են անում արժանի գնահատական տալ Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիային

ՀՅԴ անդամ երիտասարդները կոչ են անում արժանի գնահատական տալ Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիային

Երևանի կենտրոնում գտնվող Արամ Մանուկյանի հուշարձանի մոտից ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության երիտասարդները սեպտեմբերի 29-ին երթով շարժվեցին դեպի ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ, որտեղ նամակ փոխանցեցին միջազգային կառույցին` կոչ անելով արժանի գնահատական տալ Արդբեջանի և Թուրքիայի ահաբեկչական քաղաքականությանը և գործունեությանը:

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության ներկայացուցիչ Սևակ Նազարյանը նշեց, որ այսօր միջազգային հանրությունը լուռ է այս հարցում և միջազգային կազմակերպությունները, պետությունները ևս ունեն անելիք և պարտականություններ, որոնք տարբեր ամբիոններից բազմիցս հնչեցվել են:

«Նրանք դեռ չեն տվել իրադարձությունների անկողմնակալ գնահատական, իսկ ոչինչ չասող և հավասարության նշան դնող հայտարարությունները միմիայն տուրք են տալիս Ադրբեջանի լկտի և ահաբեկչական քայլերին: ՄԱԿ-ը որպես միջազգային անվտանգության համակարգի երաշխավոր՝ պարտավոր է գործուն քայլերով սանձել Ադրբեջանի և Թուրքիայի անմիջական պահվածքը:

Ավելին, ՄԱԿ-ը ունի հստակ կանոնադրային պարտավորություններ, որոնցով պարտավոր է պահպանել միջազգային հումանիտար իրավունքը, այդ թվում՝ նաև չճանաչված պետությունների բնակիչների համար: Մենք մեր հայացքը չենք հառել դեպի դուրս օգնության ակնկալիքով: Մենք ունենք մեր անվտանգության իրական երաշխավորը` հայկական բանակը, բայց միջազգային կառույցները ունեն հստակ պարտավորություններ և պարտականություններ, որոնք չկատարելը ամեն օր հանգեցնելու է նոր մարդկային զոհերի և հումանիտար նոր աղետների»,- եզրափակեց Նազարյանը: