կարևոր
1129 դիտում, 1 տարի առաջ - 2020-09-29 14:15

Թուրքիան պետք է դադարեցնի ցանկացած աջակցության տրամադրում Ադրբեջանին. ԱՄՆ կոնգրեսական

Թուրքիան պետք է դադարեցնի ցանկացած աջակցության տրամադրում Ադրբեջանին. ԱՄՆ կոնգրեսական

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով կոմիտեի անդամ Ջեյսոն Քրոուն դատապարտում է Ադրբեջանի` Արցախի դեմ սանձազերծած գործողություններն ու կոչ է անում Թուրքիային չաջակցել Ադրբեջանին: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայն»-ը:

«Ես դատապարտում եմ ադրբեջանական հարձակումները Արցախի վրա և կոչ եմ անում անհապաղ դադարեցնել բռնությունները: Ավելին, Թուրքիան պետք է  դադարեցնի ցանկացած աջակցության և հարձակման հնարավորության ընձեռում Ադրբեջանին: ԱՄՆ-ը պետք է  աշխատի Մինսկի խմբի մեր գործընկերների հետ հրադադար սահմանելու համար, ինչը տարածաշրջանում կայուն խաղաղություն կապահովի»,-նշել է կոնգրեսմենը:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով առաջին զոհերը եղել են Մարտունու շրջանում՝ մեկ կին և մեկ երեխա, սեպտեմբերի 28-ին ևս մեկ երեխա է զոհվել: Հայկական կողմն ունի 84 զոհ և կա շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ Հակառակորդը հրետակոծել է նաև դպրոցներ, ներառյալ Ստեփանակերտում։

Հայաստանի Հանրապետությունում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։