կարևոր
1488 դիտում, 2 տարի առաջ - 2020-09-29 00:58

ՀՀ ԱԳ նախարարը դեսպաններին ներկայացրել է Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի ստեղծած իրավիճակը

ՀՀ ԱԳ նախարարը դեսպաններին ներկայացրել է Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի ստեղծած իրավիճակը

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը սեպտեմբերի 28-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում ընդունել է Հայաստանում հավատարմագրված դեսպաններին, միջազգային կառույցների և կազմակերպությունների ղեկավարներին:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, ԱԳ նախարարը Հայաստանում հավատարմագրված ներկայացուցչությունների ղեկավարներին հանգամանալից ներկայացրել է արցախա-ադրբեջանական շփման գծի երկայնքով Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը, տարբեր զինատեսակների օգտագործմամբ խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը: Նախարար Մնացականյանն ընդգծել է, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կրում է տարածաշրջանի ապակայունացման հետևանքների ողջ պատասխանատվությունը:

Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն իր մտահոգությունն է հայտնել Ադրբեջանին Թուրքիայի անվերապահ աջակցության վերաբերյալ՝ ընդգծելով, որ Թուրքիայի ապակայունացնող քաղաքականությունը լուրջ վնաս է հասցնում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը, ինչպես նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգությանն ու կայունությանը: