կարևոր
1241 դիտում, 1 տարի առաջ - 2020-09-28 18:54

ՄԻՊ-ը միջազգային կառույցներին հայտնել է Արցախի բնակչության նկատմամբ Ադրբեջանի հարձակումների մասին

ՄԻՊ-ը միջազգային կառույցներին հայտնել է Արցախի բնակչության նկատմամբ Ադրբեջանի հարձակումների մասին

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը  ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին ուղարկել է հատուկ հաղորդում Արցախում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ, որ առաջացել է երեկվանից ադրբեջանական ռազմաօդային և հրետանային, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության նկատմամբ թիրախային ագրեսիվ հարձակումների հետևանքով: Թաթոյանը այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Սա հատուկ ընթացակարգ է ու այսպիսի հնարավորություն ունեն բացառապես «A» միջազգային կարգավիճակ ունեցող Մարդու իրավունքների ազգային հաստատությունները:

Հաղորդումն ուղարկվել է նաև միջազգային այլ կառույցների: Դրանում ներկայացված են Արցախի քաղաքացիական բնակավայրերի նկատմամբ ադրբեջանական թիրախային հարձակումները՝ համապատասխան փաստերով ու լուսանկարներով: Հաղորդման մեջ եզրահանգումներ են արված այն մասին, որ իրական վտանգի տակ են երեխաների, կանանց, տարեցների ու, առհասարակ, ողջ խաղաղ բնակչության կյանքն ու առողջությունը, նրանց սեփականությունը, դպրոցներն ու այլ քաղաքացիական օբյեկտները»,- գրել է Թաթոյանը:

ՄԻՊ-ը շարունակում է համագործակցությունն ու անմիջական կապի պահպանումը Արցախի մարդու իրավունքների պաշտպանի, ինչպես նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին դիմող Արցախի հայ բնակչության հետ: