կարևոր
1243 դիտում, 1 տարի առաջ - 2020-09-28 16:43

Հանրային խորհրդի արտահերթ նիստ է հրավիրել. որոշում է կայացվել ստեղծել օպերատիվ աշխատանքային խումբ

Հանրային խորհրդի արտահերթ նիստ է հրավիրել. որոշում է կայացվել ստեղծել օպերատիվ աշխատանքային խումբ

ՀԽ նախագահ Ստյոպա Սաֆարյանի նախաձեռնությամբ սեպտեմբերի 28-ին գումարվել է ՀՀ Հանրային խորհրդի արտահերթ նիստ՝ նախօրեին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիվ պատերազմի, հայ ժողովրդին պարտադրված գոյապահպանական  մարտահրավերին հանրային մակարդակում ևս ազգային համախմբմամբ արդյունավետ արձագանքելու, Հայաստանում ու Արցախում հայտարված ռազմական դրության պայմաններում հանրային կառավարման գործում ՀԽ դերակատարումը հստակեցնելու օրակարգային հարցերով: 

Հանրային խորհուրդը տեղեկացնում է, որ խորհրդի անդամները մեկ րոպպե լռությամբ հարգեցին սեպտեմբերի 27-ին ադրբեջանաթուրքական լայնածավալ հարձակմանը դիմակայելիս ու ետ մղելիս նահատակված զոհերի հիշատակը: Ներկաների միաձայն համաձայնությամբ՝ որոշում է կայացվել ստեղծել աշխատանքային խումբ: Այն օպերատիվ կերպով սերտ փոխգործակցության մեջ կլինի հանրության տարբեր խմբերի, իշխանության մարմինների, միջազգային հանրության  տեղական կառույցների ու ՀԽ միջազգային գործընկերների հետ՝ կանոնավոր ներկայացնելով առանցքային զարգացումների շուրջ անաչառ տեղեկատվություն և զեկույցներ: Կարձագանքի հանրային գործունեության տարբեր ոլորտներում ծագած և/կամ հնարավոր խնդիրներին, որոնք կարող են առաջ գալ ստեղծված ոչ բնականոն իրավիճակում: Պետական քաղաքականությանը զուգընթաց և անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կիրականացնի գործուն քայլեր հանրային կարծիքի ուսումնասիրման և վերհանման ուղղությամբ, և այլն:

Մոտակա ժամերին արդեն պատրաստ և հաստատված կլինի Տնտեսական և սոցիալական խորհուրդների միջազգային ասոցիացիայի ղեկավարությանը, գործընկեր կազմակերպություններին ուղարկվելիք նամակները՝ շեշտադրելով միջազգային հանրության տեղեկացված լինելու և իրավիճակին օբյեկտիվ արաձագանքելու անհրաժեշտությունն ու կարևորությունը, քանի որ Արցախի Հանրապետության սահմանի ամբողջ երկայնքով Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիան կարող է վերածվել լայնածավալ տարածաշրջանային ռազմական գործողությունների:

Արտահերթ նիստում նաև որոշում կայացվեց առկա իրավիճակի վերաբերյալ հանրության առջև հանդես գալ ուղերձով, որի վերաբերյալ նախնական քննարկումների ավարտից հետո կլինի հատուկ հաղորդագրություն: