կարևոր
555 դիտում, 8 ամիս առաջ - 2020-09-28 15:35

ԱԺ-ն ընդունեց Ադրբեջանի ռազմական ագրեսիան դատապարտող հայտարարությունը

ԱԺ-ն ընդունեց Ադրբեջանի ռազմական ագրեսիան դատապարտող հայտարարությունը

ՀՀ ազգային ժողովը միաձայն՝ 118 կողմ ձայներով ընդունեց 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիան դատապարտելու վերաբերյալ ԱԺ հայտարարության նախագիծը: Հայտարարության նախագիծը հեղինակել են խորհրդարանի երեք խմբակցությունների պատգամավորներ:

ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանը հայտարարության նախագծի քննարկմանը կրկին օրակարգ բերեց Արցախի ճանաչման խնդիրը: «Մեր բոլորի բարոյական պարտքն է օրակարգ բերել Արցախի անկախության ճանաչումը, եթե կա անհրաժեշտություն, կազմակերպել խորհրդարանի փակ նիստ, քննարկել բոլոր այն արգումենտները, որ կարող է մեզ այսօր կաշկանդել ճանաչելու Արցախի անկախությունը: Դա մեր բարոյական պարտքն է, պետք է անենք»,-ասել է պատգամավորն ու համոզմունք հայտնեց, որ դա զսպող մեխանիզմ է լինելու:

«Իմ քայլ»-ից Սոֆիա Հովսեփյանը շեշտել է, որ Արցախը, արցախցին ունեն ինքնորոշման իրավունք: «Եվ մենք այդ ինքնորոշման իրավունքին տեր ենք: Բավական է, որ մենք հույսներն դնենք միջազգային կառույցների վրա»,-ասել է նա:

Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը նշել է, որ այս պատերազմը քաղաքակրթական և արժեբանական պատերազմ է: «Մինչ աշխարհի տարբեր մայրաքաղաքներում գրվում են դատապարտող դատարկ հայտարարությունները, այդ նույն պահին զոհվում են մեր զինվորներն ու խաղաղ բնակիչները»,-նշել է նա:

«Լուսավոր Հայաստան»-ից Անի Սամսոնյանը շեշտել է, որ անհրաժեշտ է կրկնապատկել ջանքերը՝ միջազգային հանրությանը հասցնելու ոչ միայն հայկական կողմի մարտական հաջողությունները, այլ նաև Ադրբեջանի պատերազմական հանցագործությունները և Թուրքիայի ագրեսիվ միջամտությունը: «Անհրաժեշտ է կրկնապատկել ջանքերը տեղեկատվությունը ճշգրիտ, թիրախային և արդյունավետ հասցնելու համար: Հերիք եղավ, հաղթելու ենք»,-նշել է պատգամավորը:

ԱԺ հայտարարությամբ պատգամավորները, մասնավորապես, շեշտել են, որ Թուրքիայի բացահայտ աջակցությամբ իրականացվող Ադրբեջանի արկածախնդրությունը միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է և պետք է արժանանա միջազգային հանրության իրավաքաղաքական գնահատականին: ՀՀ ազգային ժողովը վերահաստատել է, որ հայկական կողմը մշտապես հավատարիմ է մնացել հակամարտության խաղաղ ճանապարհով կարգավորմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, միևնույն ժամանակ, լինելով Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորը, չի վարանի ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ պաշտպանելու արցախահայերի անվտանգությունն ու ինքնորոշման կամարտահայտությունը: