կարևոր
1721 դիտում, 2 տարի առաջ - 2020-09-28 13:59

Արցախի ժողովրդին բնակարաններ կամ ապաստան տալու անհրաժեշտություն չկա. ՊՆ ներկայացուցիչ

Արցախի ժողովրդին բնակարաններ կամ ապաստան տալու անհրաժեշտություն չկա. ՊՆ ներկայացուցիչ

Արցախի ժողովրդին բնակարաններ կամ ապաստան տրամադրելու կարիք առայժմ չկա. այնտեղ չկա մասսայական տարհանում: Մամուլի ասուլիսին այս մասին ասել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Մեզ շատ են դիմում Արցախից եկած ժողովրդին ապաստաններ և բնակարաններ տալու հարցով: Ասեմ, որ նման անհրաժեշտություն չկա և, եթե լինի, ապա պաշտոնապես անպայման դրա մասին կհայտարարվի: ՀՀ կառավարությունն ու համապատասխան մարմիններն աշխատում են ու կաշխատեն այս ուղղությամբ և կհայտնեն, թե քանի ապաստարան, քանի հյուրատուն է անհրաժեշտ և ինչ տարիքային անձանց ու որքան բնակչության համար»,- նշել է Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ Արցախում մասսայական տարհանում տեղի չի ունենում և, որ ադրբեջանական ԶԼՄ-ներով տարածվող տեղեկությունները սուտ են:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով առաջին զոհերը եղել են Մարտունու շրջանում՝ մեկ կին և մեկ երեխա: Հայկական կողմն ունի 31 զոհ և կա շուրջ 200 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։  Հակառակորդը հրետակոծել է նաև դպրոցներ, ներառյալ Ստեփանակերտում։

Հայաստանի Հանրապետությունում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։

Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային մոտ 200 կորուստ: Առայժմ հայտնի տվյալներով՝ ադրբեջանական զինուժն ընդհանուր առմամբ կորցրել է 4 ուղղաթիռ, 27 ԱԹՍ, 36 տանկ և հետևակի մարտական մեքենա, ինչպես նաև 2 ինժեներական զրահամեքենա և 11 զրահատեխնիկա: