կարևոր
1070 դիտում, 1 տարի առաջ - 2020-09-27 23:48

«Հայաստանի եվրոպացի բարեկամներ»-ը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից ձեռնարկված հարձակումները

«Հայաստանի եվրոպացի բարեկամներ»-ը  խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից ձեռնարկված հարձակումները

«Հայաստանի եվրոպացի բարեկամներ» միջազգային հասարակական կազմակերպությունը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ձեռնարկված հարձակումները և պատերազմի միջոցով ստատուս-քվոն փոխելու մտադրությունը: Այս մասին մամուլի հաղորդագրություն է տարածել կազմակերպությունը:

«Ադրբեջանի կողմից լայնամասշտաբ գրոհ սկսվեց Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի ամբողջ երկայնքով՝ թիրախավորելով ոչ միայն տեղական զինված ուժերը, այլև քաղաքացիական բնակավայրերը՝  ներառյալ մայրաքաղաք Ստեփանակերտը:

Չնայած Բաքվից և Անկարայից հնչող մեղադրանքներին, որ Հայաստանն է սկսել այս հարձակումը, Հայաստանը չունի ռազմական գործողություններ հրահրելու տրամաբանական որևէ պատճառ: Այնուամենայնիվ, Ադրբեջանի ղեկավարությունը բազմիցս հայտարարել է, որ հոգնել և հիասթափվել է խաղաղ բանակցություններից, ինչը ներառում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից համակարգված խաղաղ բանակցությունների գործարկման կասկածը: Այս հայտարարությունները աստիճանաբար ուղեկցվել են ավելի ու ավելի կոշտ հռետորաբանությամբ:

Երկու կողմից էլ տարբեր մոտեցումներ են հնչել անցած շաբաթվա սկզբին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում հնչած համապատասխան ելույթներում: Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել խաղաղության կոչով և մեկ անգամ ևս ընդգծել Հայաստանի պատրաստակամությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը՝ համաձայն ԵԱՀԿ բանակցողների կողմից առաջարկված 2009 թ. Հիմնարար սկզբունքների:

Ի հակադրություն, նախագահ Ալիևը առաջարկել է ընդլայնված և կոշտ միջամտություն, որով, փաստորեն, արժեզրկվում են հակամարտության և դրան ուղղված բանակցությունների անցած երեսուն տարիները․ հետհայացք գցելով՝ վերջինս կարելի է ընկալել որպես դիվանագիտական նախազգուշացում՝ այսօր սկսված հարձակումներից առաջ։ Բաքվի՝ բազմիցս հնչեցված պաշտոնական դիրքորոշումն այն է, որ իրենք չեն ցանկանում հանդուրժել «հայկական  երկրորդ պետությունն իրենց պատմական հողի վրա», ինչը կասկածի տակ է դնում անգամ Հայաստանի Հանրապետության գոյության իրավունքը»,- նշված է հաղորդագրությունում:

«Հայաստանի եվրոպացի բարեկամներ»-ը կոչ է անում միջազգային հանրությանը գիտակցել այս վերջին զարգացումների լրջությունն ու զերծ մնալ հավասարապես երկու կողմերին ուղղված սովորական կոչերից՝ հիմքում դնելով կեղծ ու չարդարացված համարժեքությունը՝ նշելով, որ հրադադարի ռեժիմն այժմ պետք է հուսալիորեն ամրապնդվի, ինչպես և միջազգայնորեն խոստացվել էր 2016թ․-ի քառօրյա պատերազմից հետո: