կարևոր
1956 դիտում, 3 տարի առաջ - 2020-09-27 22:43

Արցախի նախագահն Ադրբեջանի գործողություններում Ապրիլյան պատերազմի նույն ձեռագիրն է տեսնում

Արցախի նախագահն Ադրբեջանի գործողություններում Ապրիլյան պատերազմի նույն ձեռագիրն է տեսնում

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններում 2016թ. Ապրիլյան պատերազմի նույն ձեռագիրն է տեսնում: Այս մասին Հարությունյանը նշել է սեպտեմբերի 27-ին հրավիրված ճեպազրույցի ընթացքում:

«Ունենք կորցրած դիրքեր, հիմնականում Թալիշի ուղղությամբ և հարավային թևում: Ունենք տասնյակ վիրավորներ, տասնյակ զոհեր, քաղաքացիական բնակչության շրջանակներում տասնյակ վիրավորներ, ունենք նաև զոհեր: Ձեռագիրը նույնն է, ինչ Ապրիլյան պատերազմում, բայց մասշտաբներն անհամեմատելի են»,- ասել է Հարությունյանը:

Արցախի նախագահը նշել է, որ պատերազմը սպասելի էր, քանի որ դրան նախորդել էին Ադրբեջանի ռազմական և քաղաքական ղեկավարության ռազմատենչ հայտարարությունները:

«Պատերազմին սպասելու առումով մեզ ընդամենը պետք էր հետևել Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարների վերջին հայտարարություններին: Պատերազմ մենք սպասում էինք: Այսօր առավոտյան հարձակումը սկսվեց ժամը 07:00-ին մոտ` ամբողջ երկայնքով` Օմարից մինչև Արաքս»,- նշել է նախագահը:

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Բնակչությանը կոչ է արվել պատսպարվել: Ստեփանակերտը հայտարարել է, որ պատասխանը լինելու է համաչափ, և իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը և անձամբ Իլհամ Ալիևը: Պաշտպանության բանակը հուժկու հարվածներով կասեցնում է հակառակորդի գործողությունները։ Ճշտված տեղեկություններով՝ հակառակորդն ունի մոտ 200 մարդկային կորուստ, երեք տասնյակին մոտ զրահատեխնիկայի կորուստ և երկու տասնյակին մոտ ԱԹՍ-ների և այլ սարքավորումների կորուստ: Արցախի խաղաղ բնակչության շրջանում կան զոհեր և վիրավորներ, Մարտունու շրջանում մեկ կին և մեկ երեխա են զոհվել:

Նախնական տվյալներով հայկական կողմն ունի 16 զոհ և հարյուրից ավելի վիրավոր: Հայաստանում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և զորահավաք: