կարևոր
3037 դիտում, 3 տարի առաջ - 2020-09-27 20:04

Անհրաժեշտության պահին լինելու ենք մեր զինվորների կողքին` առաջնագծում. Լիլիթ Մակունց

Անհրաժեշտության պահին լինելու ենք մեր զինվորների կողքին` առաջնագծում. Լիլիթ Մակունց

ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը վստահեցնում է, որ անհրաժեշտության դեպքում հայ կանայք, մայրերը լինելու են առաջնագծում՝ զինվորների կողքին: Մակունցն այս մասին ասել է ԱԺ-ում ռազմական դրություն հայտարարելու հարցի քննարկմանը:

«Վերջին ժամանակաշրջանում Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանությունը, լայնամասշտաբ զորավարժությունները, ԵԱՀԿ-ի կողմից առաջարկվող մոնիտորինգի մշտադիտարկման մեխանիզմներից հրաժարվելը ոչ այլ ինչ են, քան ակնհայտ վկայություն այն մասին, որ այս ամենը նախապես ծրագրավորված հսկայածավալ սադրանք է, ինչն ուղղակիորեն վտանգում է տարածաշրջանային խաղաղությունն ու անվտանգությունը»,-ասել է Մակունցը:

Նա նկատել է, որ հուլիսյան մարտերն արդեն Հայաստանի պետական սահմանին այս համատեքստում արձանագրում են, որ Ադրբեջանի համար սա ոչ միայն Իլհամ Ալիևի բռնապետական իշխանությունը պահելու աղիողորմ ճիգեր են, այլ առաջին հերթին՝ մի ամբողջ ժողովրդի՝ հայ ժողովրդի նկատմամբ ատելության հիմքով մահաբեր ագրեսիայի կիրառում՝ էթնիկ բնաջնջման փորձով: «Դրան մեր արձագանքը միանշանակ է. Արցախի հարցի ռազմական ճանապարհով լուծման ցանկացած փորձ հանդիպելու է ողջ հայ ժողովրդի կողմից համարժեք պատասխանի»,-ասել է Մակունցը:

Նա խիզախության կոչով դիմել է կանանց, մայրերին՝ նշելով. «Անհրաժեշտության պահին լինելու ենք մեր զինվորների կողքին առաջնագծում: Մի անգամ չէ, որ պատմության ընթացքում ցույց ենք տվել, որ տոկուն ենք մեր հայրենիքն անառիկ պահելու և հաղթանակներ գրանցելու հարցում»: