կարևոր
1385 դիտում, 2 տարի առաջ - 2020-09-27 19:55

Արցախի հարցը ժողովրդի՝ Արցախի հայության ապրելու իրավունքի պայքար է.Նիկոլ Փաշինյան

Արցախի հարցը ժողովրդի՝ Արցախի հայության ապրելու իրավունքի պայքար է.Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորում է միջազգային հանրության համար թարմացնել Արցախի հարցի պատմությունը, հիշեցնել, որ որ սա ժողովրդի՝ Արցախի հայության ապրելու իրավունքի պայքար է, այլ ոչ թե հայ-ադրբեջանական տարածքային կոնֆլիկտ: Փաշինյանն այս մասին ասաց ԱԺ ամբիոնից իր ելույթում՝ պատասխանելով անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին, թե արդյոք ՀԱՊԿ-ի գործընկերները իրազեկվե՞լ են, որ Հայաստանի սահմանների ուղղությամբ ևս հարձակումների փորձեր են եղել:

Փաշինյանը  նախ նշեց, որ տեղեկատվություններ են փոխանակում: «Արտգործնախարարը  հեռախոսազրույցներ է ունենում, ես հեռախոսազրույցներ եմ ունենում, և մեր գործընկերներին տեղեկատվություն ենք տալիս ընթացող պրոցեսների մասին: Բայց լիարժեք համաձայն եմ՝ ամբողջ ներուժը պետք է օգտագործենք ճիշտ տեղեկատվություն տալու համար, թե ինչ է կատարվում, ով է հարձակվել, ինչու է հարձակվել, ինչ գործողություններ է ձեռնարկում: Նաև պետք է Արցախի հարցի պատմությունը թարմացնենք, շատ տեղերում տեսնում ենք, որ մոռացվել է, թե այս պատմությունն ինչի համար է ընդհանրապես: Սա ներկայացվում է որպես հայ-ադրբեջանական տարածքային կոնֆիլտ, ինչը ամենամեծ վնասն է մեզ հասցնում, մենք պետք է բացատրենք, որ սա ժողովրդի ապրելու իրավունքի պայքար է, ուղղակի ապրելու իրավունքի պայքար, և խոսքը Արցախի հայության մասին է»,-ասաց Փաշինյանը:

Անդրադառնալով հարցին, թե ՀՀ-ում օտարերկրյա պետությունների, հատկապես ԵԱՀԿ անդամ երկրների  դեսպանների հետ հանդիպումներ եղե՞լ են կամ նախատեսվո՞ւմ են, վարչապետն ասաց, որ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը  հենց այդ պատճառով ԱԺ-ում չէ, որովհետև շատ ակտիվ շփումներ է ունենում միջազգային հանրության ներկայացուցիչների հետ՝ և Հայաստանում հավատարմագրված, և Հայաստանից դուրս: