կարևոր
1185 դիտում, 1 տարի առաջ - 2020-09-27 16:45

Բուժաշխատողները պետք է մեկտեղեն ուժերն ու ջանքերը․ Արսեն Թորոսյանի ուղերձը

Բուժաշխատողները պետք է մեկտեղեն ուժերն ու ջանքերը․ Արսեն Թորոսյանի ուղերձը

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ուղերձով է հանդես եկել և հայտնել, որ այժմ պետք է բուժաշխատողները պայքարեն 2 ճակատով՝ COVID-19-ի դեմ և Արցախի շփման գծում վիրավորվածներին օգնելու համար։

Թորոսյանը նշել է, որ պետք է մեկտեղել ուժերն ու ջանքերը։

«Սիրելի հայրենակիցներ, հարգելի գործընկերներ, այսօր վաղ առավոտից լսեցինք բոթը, որ շփման գծի ողջ երկայնքով ադրբեջանական կողմը հարձակում է գործել Արցախի վրա՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: Տարին սկսել էինք Կորոնավիրուսային հիվանդության համավարակին դիմակայելու մարտահրավերով: Սիրելի բուժաշխատողներ, հիմա արդեն պայքարելու ենք 2 ճակատով: Մենք ուժեղ ենք ու պատրաստ, 2 ուղղությունով էլ պայքարելու ենք միասին` մեկտեղելով մեր ուժերն ու ջանքերը: Հայաստանի առողջապահության համակարգը բերվել է բարձր պատրաստության, նախարարությունը համակարգում է բոլոր կազմակերպչական հարցերը»,- ասել է Թորոսյանը:

Նա շնորհակալություն է հայտնել բժշկական հանրությանը համախմբածվության համար: Նախարարը շեշտել է, որ չպետք է կորցնել զգոնությունը, պետք է շարունակել պահպանել համաճարակաբանական կանոնները, որ կորոնավիրուսային հիվանդությունը չհաղթի, ինչպես նաև պետք է լինել կանգուն ու մարտունակ: «Կոչ եմ անում հետևել պաշտոնական լրահոսին և պահպանել հանգստություն: Առաջին անգամ չէ, որ կանգնած ենք առերևույթ և անտեսանելի թշնամիների առջև: Վստահ եմ, որ հաղթելու ենք, և բազում հաղթանակների շարքում կգրվի նաև այս մեկը: Հայի ոգին և ուժն անկոտրում է, և ոչ ոք չի կարող հաղթել մեզ»,- նշել է Թորոսյանը: