կարևոր
748 դիտում, 1 տարի առաջ - 2020-09-27 16:40

Հայ ժողովուրդը պատրաստ է արժանի հակահարված հասցնել թշնամուն. ՀՀ վարչապետ

Հայ ժողովուրդը պատրաստ է արժանի հակահարված հասցնել թշնամուն. ՀՀ վարչապետ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ հայ ժողովրդին ուղղված ուղերձով:

ՀՀ վարչապետը նշել է, որ վաղ առավոտից Արցախի Հանրապետությունը ենթարկվել է ադրբեջանական զինված ուժերի ագրեսիային: Ռմբակոծության են ենթարկվում Արցախի խաղաղ բնակչությունը, մայրաքաղաք Ստեփանակերտը, Արցախի Հանրապետության քաղաքացիական ենթակառուցվածքները:

«Այս պահի դրությամբ կան արդեն զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում: Օգտագործելով ծանր սպառազինություն, հրետանի, հետեւակ՝ հակառակորդը գրոհի է ենթարկում պաշտպանության բանակի դիրքերը՝ բոլոր ուղղություններով: Պաշտպանության բանակը այս պահի դրությամբ համառ մարտեր է մղում եւ պատվով է կատարում Արցախը պաշտպանելու իր խնդիրը՝ ձեռնարկելով իրավիճակից բխող գործողություններ»,- ասել է Փաշինյանը:

Նա շեշտել է, որ Իլհամ Ալիևի բռնատիրական վարչակազմը վերստին անցել է պատերազմական գործողությունների:  «Դա հայ ժողովրդին հայտարարված պատերազմ է:  Դա պատերազմ է մեր անկախության, ազատության և արժանապատվության դեմ: Հայ ժողովուրդը պատրաստ է այդ պատերազմին: Քանզի միշտ սթափ գիտակցել է, որ հայատյացությունը, թշնամանքը և ատելությունը, որով տասնամյակներ ի վեր ադրբեջանական բռնապետությունը սնում է իր ժողովրդին, չէր կարող որևէ այլ արդյունքի հանգեցնել, քան պատերազմը: Ադրբեջանի բռնապետությունն իր իսկ վարած հակահայ քաղաքականության պատանդն է դարձել և այսօր փորձում է արդարացնել իր իսկ որդեգրած քարոզչության խոստումները՝ Ղարաբաղի հակամարտությունը ռազմական միջոցներով լուծելու մասին»,- ընդգծել է վարչապետը:

Վարչապետը հավաստիացրել է՝ հայ ժողովուրդը պատրաստ է արժանի հակահարված հասցնել թշնամուն: «Հայաստանի Հանրապետությունը Արցախի Հանրապետության անվտանգության և անկախության երաշխավորն է: Եւ Հայաստանի Հանրապետությունը իր բնակչության ու պետական համակարգի ողջ ներուժով այսօր կանգնած է Արցախի թիկունքին: Մենք գործադրելու ենք հնարավոր և անհնար ամեն ջանք մեր հայրենիքի սահմանները անառիկ պահելու, մեր ազատությունն ու անկախությունը պաշտպանելու համար: Որպես 1994թ. հրադադարի համաձայնագիրը ստորագրած կողմ՝ Հայաստանի Հանրապետությունը քաղաքական, դիվանագիտական և ռազմական հարթակներում ձեռնարկելու է անհրաժեշտ բոլոր գործողությունները՝ ԼՂ ժողովրդի ֆիզիկական անվտանգությունը ապահովելու և հակառակորդին խաղաղություն պարտադրելու նպատակով։ Այս պահի դրությամբ հակառակորդը արդեն իսկ կրում է մարդկային և զինտեխնիկայի զգալի կորուստներ: Ադրբեջանը պետք է քաջ գիտակցի, որ մեր բանակի մարտունակությունն այսօր բարձր է, քան երբևէ: Թշնամին պետք է հասկանա, որ Արցախի թիկունքին այսօր կանգնած է համայն հայությունը: Մենք միասնական ենք, ինչպես միշտ: Մենք միասնական ենք, ինչպես եղել ենք մեր պատմության վճռորոշ բոլոր պահերին, երբ ոսոխը սպառնացել է մեր գոյությանը, մեր ինքնությանն ու արժեքներին: Ադրբեջանի բռնապետ իշխանությունները պետք է հասկանան, որ անհնարին է ծնկի բերել հայ ժողովրդին: Մենք մեր հազարամյա պատմության ընթացքում ունեցել ենք բազմաթիվ վճռորոշ պահեր և հաղթահարել բազում դժվարություններ: Մեր գործն արդար է, և այս հանցավոր ոտնձգությունը ևս արժանի հարված կստանա»,- շեշտել է վարչապետը: