կարևոր
1188 դիտում, 1 տարի առաջ - 2020-09-27 16:36

Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի անդամն Ադրբեջանին կոչ է անում դադարեցնել ռազմական ագրեսիան

Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի անդամն Ադրբեջանին կոչ է անում դադարեցնել ռազմական ագրեսիան

Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի անդամ Կոնստանտինոս Էֆսթատիուն Ադրբեջանին կոչ է անում դադարեցնել Արցախի նկատմամբ իրականացվող ռազմական գործողությունները: Էֆսթատիուն նշել է, որ միջազգային հանրությունը պետք է կանգնեցնի Ադրբեջանի ագրեսիան:

«Սա ագրեսիա է, որը պետք է կանգնեցվի միջազգային հանրության կողմից: Միջազգային հանրությունը պետք է միջոցներ ձեռնարկի տարածաշրջանում յուրաքանչյուր ագրեսիան կանխելու ուղղությամբ, որովհետև ագրեսիան կարող է շարունակվել և մարդկային ավելի շատ կորուստներ պատճառել: Միջազգային հանրությունը պետք է կանգնի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողքին և ցույց տա իր համերաշխությունը` ցանկացած ճանապարհով»,- ասել է պատգամավորը:

Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի անդամն անդրադառնալով Թուրքիային, նշել է, որ այդ ռազմատենչ երկիրն իր աջակցությունն է ցուցաբերում Ադրբեջանին, այդպիսով խորացնելով խնդիրը տարածաշրջանում:

«Թուրքիան իրեն ներկայացնում է, որպես տարածաշրջանում ագրեսիայի լոկոմոտիվ: Նա ագրեսիվ է տրամադրված Հունաստանի նկատմամբ, զորքեր է մտցրել Սիրիա, սպանում է մարդկանց, որոնք թուրանի գաղափարակից չեն: Նրանք հայտարարում են, որ Ադրբեջանի կողքին են: Այս իրավիճակը պետք է կանգնեցվի»,- նշել է Էֆսթատիուն:

Նախարարությունից հիշեցրել են, որ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը սեպտեմբերի 27-ի առավոտյան ժամը 07:15-ի սահմաններում ագրեսիա են ձեռնարկել Արցախի Հանրապետության հանդեպ: Արցախի Հանրապետության զինված ուժերի մարտակարգերին, մշտական տեղակայման վայրերին ու խաղաղ բնակավայրերին հասցվել են հարվածներ հրետանային համակարգերի և հարվածային ԱԹՍ-ների կիրառմամբ: Այնուհետև հակառակորդի մոտոհրաձգային և զրահատանկային ստորաբաժանումները հարձակման են անցել հյուսիսային, հարավային և հարավ-արևելյան ուղղություններով: «Այս պահի դրությամբ նշված ուղղություններում ՊԲ ստորաբաժանումները մղում են պաշտպանական մարտեր՝ կասեցնելով հակառակորդի առաջխաղացումը: Հակառակորդն ունի կենդանի ուժի և զրահատեխնիկայի մեծ կորուստներ: ՊԲ ստորաբաժանումների կողմից ոչնչացվել են հակառակորդի 4 ուղղաթիռ, շուրջ 15 ԱԹՍ, այդ թվում՝ հարվածային, 10 տանկ և հետևակի մարտական մեքենա: ՊԲ կորուստները ճշտվում են»,-հայտնում են նախարարությունից: