կարևոր
687 դիտում, 1 տարի առաջ - 2020-09-27 16:24

ՄԻՊ-ը դիմել է միջազգային կազմակերպություններին Արցախի քաղաքացիական բնակչության նկատմամբ Ադրբեջանի հարձակումների առնչությամբ

ՄԻՊ-ը դիմել է միջազգային կազմակերպություններին Արցախի քաղաքացիական բնակչության նկատմամբ Ադրբեջանի հարձակումների առնչությամբ

Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է մարդու իրավունքների միջազգային կազմակերպություններին՝ կոչ անելով քայլեր ձեռնարկել և ուղղել ջանքերը կանխելու Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության խաղաղության և անվտանգության դեմ ուղղված այս ռազմական ագրեսիան և բռնությունը: Այս մասին հայտարարություն է տարծել ՀՀ ՄԻՊ-ը:

Պաշտպանի գրություններում շեշտվել է, որ դպրոցները, տները և քաղաքացիական այլ օբյեկտներ հարձակման տակ են առանց խտրականության (indiscriminate)՝ իրական վտանգ առաջացնելով կանանց, երեխաների և Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչության կյանքի ու առողջության համար:

Արման Թաթոյանի գնահատմամբ՝ Արցախի քաղաքացիական բնակչության նկատմամբ Ադրբեջանի թիրախային զինված հարձակումները Ժնևի կոնվենցիաների և միջազգային մարդասիրական սովորութային իրավունքի բացարձակ ոտնահարումներ են։

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն այս հարցերում իր գործունեությունն իրականացնում է հիմք ընդունելով մարդու իրավունքների պաշտպանության իր մանդատը և հիմնվելով կոնֆլիկտային իրավիճակներում մարդու իրավունքների պաշտպանության միջազգայնորեն ճանաչված սկզբունքների վրա:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը մշտական կապի մեջ է Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հետ: