Այս պահին Ադրբեջանական զինված ուժերը շարունակում են ինտենսիվ կրակ վարել արցախա-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:
«Քիչ առաջ հակառակորդի կողմից տարածված այն տեղեկատվությունը, թե իբր մի քանի բնակավայրեր են կարողացել գրավել, ապատեղեկատվություն է, այդպիսի բան չկա:
Պաշպանության բանակը լիովին վերահսկում է իրավիճակը: Արցախի նախագահը երկրում հայտարարել է ռազմական դրություն և զորահավաք: Վաղ առավոտյան տեղի է ունեցել Ազգային ժողովի արտահերթ նիստը, որտեղ ելույթ է ունեցել Հանրապետության նախագահը»,-ասել է Պողոսյանը:
Պողոսյանի խոսքով՝ այս պահին նախագահի վերահսկողությամբ իրականացվում են բոլոր աշխատանքները թե քաղաքացիական բնակչության հետ կապված, թե տնտեսության, թե ռազմական գործողությունների մասով:
«Իրավիճակը վերահսկելի է, բոլոր ջանքերը պետք է գործադրենք, որ այս իրավիճակը կարողանանք պատվով հաղթահարել: Համոզված եմ՝ հաղթահարելու ենք»,- ասել է Պողոսյանը: