Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով դեռևս շարունակվում են մարտական գործողությունները, որոնք բավականին թեժ են։ Այս մասին ասուլիսում հայտնել է Միասնական տեղեկատվական կենտրոնի պաշտոնական ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Հակառակորդը օդային միջոցների կիրառմամբ և ցամաքային զորքերի միջոցով անցել է լայնամասշտաբ հարձակման տարբեր հատվածներում։ Արցախի պաշտպանության բանակի հրամանատարն ու նախագահն արդեն իսկ հայտարարություններ են տարածել կոնկրետ ուղղություններով։ Ընթացող մարտերի վերաբերյալ հրապարակել ենք նաև տեսանյութեր։ Հակառակորդը շատ տեղերում հետ է շպրտվել՝ կրելով զգալի կորուստներ։ Հասցրել է հրթիռային և ավիացիոն հրետանային հարվածներ ՊԲ զորամասերի տարբեր տեղակայման նշանակության օբյեկտների։ Կան որոշակի ավերածություններ, որոնք հիմնականում չնչին են, ավելի ուշ լրացուցիչ կավելացնենք կոնկրետ թվագրական տվյալներ»,- ասել է Հովհաննիսյանը։
Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 ԱԹՍ, ունի զրահատեխնիկայի կորուստներ: Ադրբեջանի հարձակման հետևանքով Մարտունու շրջանում մեկ կին և մեկ երեխա են զոհվել: Քաղաքացիական անձանց շրջանում կան տասնյակ վիրավորներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ Հակառակորդը հրետակոծել է նաև դպրոցներ, ներառյալ Ստեփանակերտում։
Հայաստանի Հանրապետությունում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։