ՀՀ պաշտպանության նախարարության «Զինառ» ՓԲԸ-ում նախատեսվում է իրականացնել բարեփոխումներ, ներդնել ծրագրեր:
«Զինառ» ՓԲԸ տնօրեն Արմեն Սարգսյանն ասաց, որ «Զինառ»-ում իրականացվում են մեծ և շրջադարձային փոփոխություններ, ինչը կնպաստի զինծառայողների կենցաղի բարելավմանը:
«2019 թվականին իրականացված փորձական պիլոտային ծրագրի արդյունքներից ելնելով «Զինառ» ՓԲԸ-ի կողմից կազմակերպվել են սուրճի վենդինգային սարքերի ծառայություններ մատուցելու աճուրդներ, մասնակցել է 48 տնտեսվարող սուբյեկտ, հաղթող է ճանաչվել նրանցից 31-ը: 2020 թ-ին նախատեսվում է իրականացնել ևս մի քանի ծրագիր, որոնք ուղղված են խանութ-թեյարանների արդիականացմանը, ինչպես նաև մրցութային կարգով դրանց գործունեությունը հանձնելու տնտեսվարող սուբյեկտներին: Իրականացվելու է նաև շուկայականից ցածր գներով զինծառայողներին դաշտային համազգեստի լրակազմով ապահովումը»,- նշեց Սարգսյանը:
Նրա խոսքով՝ այժմ քննարկվում է նաև զինծառայողների համար քիմմաքրման ծառայություններ մատուցելու ծրագիրը:
«Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի բարելավենք զինծառայողների կենցաղն ու ապրելակերպը»,- ընդգծեց Սարգսյանը և վստահեցրեց, որ «Զինառ»-ը կանգնած է հեղափոխության ուղու վրա:
Ընկերությունը ստեղծվել է ՀՀ կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 31-ի «Զինառ» փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու մասին» N 908 որոշման համաձայն: Ընկերության բոլոր բաժնետոմսերը սեփականության իրավունքով պատկանում են Հայաստանի Հանրապետությանը: Հիմնադրի լիազորությունները վերապահված են Պաշտպանության նախարարությանը:
Ընկերության ստեղծման նպատակն է տնտեսական գործունեություն (այդ թվում՝ մեծածախ և մանրածախ առևտուր, կենցաղային սպասարկման ծառայություններ, զինվորական համակարգի ստորաբաժանումներում և տեղամասերում) իրականացնելու ճանապարհով շահույթի ստացումը։