230 դիտում, 2020.09.26 12:48

Փորձագետը ներկայումս հայկական ուղղությամբ Թուրքիայի ակտիվությունը բացառում է

Փորձագետը ներկայումս հայկական ուղղությամբ Թուրքիայի ակտիվությունը բացառում է

ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի հայ-քրդական առնչությունների բաժնի վարիչ, քրդագետ Վահրամ Պետրոսյանը ներկայումս բացառում է Ադրբեջանի հետ համագործակցությամբ թուրքական ակտիվությունը հայկական ուղղությամբ: Պետրոսյանը նման տեսակետ հայտնեց մամուլի ասուլիսում՝ անդրադառնալով հնչող տեսակետներին, թե Ադրբեջանը Թուրքիայի հետ միասին հող է նախապատրաստում Հայաստանի դեմ ռազմական գործողություններ սկսելու համար:

 Պետրոսյանը նախ նկատեց, որ եթե նախկինում կար մեկ ազգ, երկու պետություն հասկացությունը, ապա այժմ կա մեկ ազգ, մեկ բանակ հասկացությունը, թուրք-ադրբեջանական համագործակցությունը կա: «Գաղտնիք չէ նաև, որ զինավարժություններից հետո թուրքական բանակը, կոնկրետ այն զորախումբը, որ Նախիջևանում էր, մնացել է այնտեղ և դուրս չի եկել: Սրանք անհանգստացնող միտումներ են: Ինչպես նաև անհանգստացնում է Թուրքիայի դիրքերի որոշակի ամրապնդումը տարածաշրջանում: Այդուհանդերձ, ես գտնում եմ, որ ներկայումս թուրքական ակտիվությունը մեր ուղղությամբ բացառվում է՝ նաև մի շարք գործոնների հետ կապված, այդ թվում և այն, որ մենք խնդիրներ չունենք մեր ռազմավարական դաշնակցի՝ ՌԴ-ի հետ: Եվ այն քայլերը, որ ձեռնարկում են դիվանագիտական ճակատում, ռազմական համագործակցության բնագավառում, կարծում եմ, որ կբացառեն նման սցենարը»,-ասաց նա:

Անդրադառնալով ադրբեջանական քարոզչությանը, որին միացել է նաև Թուրքիան, Հայաստանի հասցեին հնչող այն մեղադրանքներին, թե իբր Արցախի հիմնախնդրի հարցում տապալել է բանակցությունները,  հիմա էլ իբր, համագործակցելով քրդերի հետ, վարձկաններ է բերում տարածաշրջան, փորձագետը նկատեց՝ թուրք-ադրբեջանական քարոզչությունը երբեք չի դադարի: Պատերազմի մեջ ենք, և ինֆորմացիոն պատերազմի ընթացքում դադար չի լինում:

Անդրադառնալով նման ակտիվությանը՝ Պետրոսյանը նկատեց, որ ռազմական թատերաբեմում կրած պարտությունները, նաև դիվանագիտական ճակատում ունեցած էական պարտություններն են հանգեցրել նրան, որ ինֆորմացիոն պատերազմը ակտիվացվի: «Ընդ որում, սա Թուրքիա-Ադրբեջան տանդեմի շրջանակներում է:Աղբյուրներին նայելիս կարելի է նկատել, որ բազմաթիվ փաստեր ծնվում են Թուրքիայում, տարածվում Ադրբեջանում կամ հակառակ ուղղությամբ»,-ասաց նա:

 Պետրոսյանը հիշեց՝ նախկինում էլ խոսվում էր, թե իբր Արցախում կան ՊԿԿ-ի զինյալներ, դա հերքվեց, 90-ականներին նույնիսկ որոշակի ստուգայցեր եղան, և դա չհաստատվեց:

Ինչ վերաբերվում է  քրդերի հետ համագործակցության վերաբերյալ տարածվող ապատեղեկատվությանը՝ Պետրոսյանը նկատեց, որ  դա կապված է հայ դիվանագետների  ակտիվ գործունեության հետ: «Իրաքում ակտիվ և արդյունավետ գործունեություն է ծավալում ՀՀ-ի արտակարգ և լիազոր դեսպանը: Ադրբեջանն ու Թուրքիան հաշի են առնում հայկական կողմի բոլոր հաղթաթղթերը և ձգտում թուլացնել մեր դիրքերը»,-նշեց նա:

ԵՊՀ ՀՀԻ հայ-քրդական առնչությունների բաժնի գիտաշխատող արաբագետ Սարգիս Գրիգորյանը, անդրադառնալով հատկապես Միջերկրածովյան ավազանում Թուրքիայի ակտիվությանը՝ առանձնացրեց մի քանի իրողություններ: «Սա, ըստ իս միայն էներգակիրների և էներգառեսուրսների խնդիր չէ: Սա դուրս է գալիս նաև որոշակի տարածքներ ձեռք բերելու իրողության շրջանակներից: Ես կարծում եմ, որ հիմա հատկապես Միջերկրածովյան ավազանում նոր աշխարհակարգի ձևավորման սաղմերն ենք մենք տեսնում, որտեղ իրենց մասնաբաժինն ունեն տարածաշրջանային ուժային կենտրոններ, նաև գլոբալ ուժային կենտրոններ: Սրա մաս է կազմում նաև Թուրքիան, որն իր հավակնոտ ծրագրերում փորձում է իրենց նեոօսմանական գաղափարները կյանքի կոչել նաև այս հատվածում: Թուրքիայի վարքագծում այս կամ այն հատվածում էլ ավելի «լսեցնելու» իրողությունը կա, և սա նկատելի է հատկապես Էրդողանի հռետորաբանության մեջ և թուրքական իշխանությունների գործնական կիրարկումներում տարածաշրջանում»,-ասաց նա ու չբացառեց, որ Թուրքիան նաև նման հաշվարկներ կունենա՝ գոնե կարճաժամկետ, կամ, եթե շատ խոցելի չլինի, միջնաժամկետ հեռանկարում: