336 դիտում, 2020.09.25 19:52

Շիրակի մարզի դպրոցների 30 աշխատակցի մոտ կորոնավիրուս է հաստատվել․ Ախուրյանի թիվ 2 դպրոցն անցել է հեռավար ուսուցման. Factor.am

Շիրակի մարզի դպրոցների 30 աշխատակցի մոտ կորոնավիրուս է հաստատվել․ Ախուրյանի թիվ 2 դպրոցն անցել է հեռավար ուսուցման. Factor.am

Շիրակի մարզում շարունակվում է դպրոցների աշխատակիցների թեստավորման գործընթացը։ Երեկվա դրությամբ՝ թեստավորվել է դպրոցների աշխատակիցների 40 տոկոսը՝ 2․229 հոգի, որոնցից 30-ի մոտ կորոնավիրուս է հաստատվել։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում հայտնել է Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Լեյլի Ասլանյանը։

Նա նշել է, որ թիվն անհանգստացնող չէ, քանի որ կազմում է թեստավորվածների ընդհանուր թվի 1․3 տոկոսը միայն։

Այնուամենայնիվ, թեստավորման արդյունքում Ախուրյանի թիվ 2 դպրոցում կորոնավիրուսի դեպքեր են հաստատվել ու մտահոգիչ պատկեր է արձանագրվել։

«Ախուրյանի թիվ 2 դպրոցում սկզբում 3 հոգու մոտ էր հայտնաբերվել, իրենց շփման շրջանակն էին հստակեցրել, 15 ուսուցիչ ու 157 աշակերտ մեկուսացվել էր։ Բայց երեկ նորից մեկուսացվեցին։ Շփման շրջանակով ուրիշ ուսուցիչների մոտ էլ հայտնաբերվեցին, ջերմողներ ի հայտ եկան»,- ասել է Լեյլի Ասլանյանը։

Այս ամենը հաշվի առնելով՝ որոշում է կայացվել ու դպրոցն ամբողջովին անցել է հեռավար ուսուցման։

«Երեկվանից Ախուրյանի թիվ 2 դպրոցում արդեն հեռավար դասընթաց է կազմակերպվում։ Ըստ ուղեցույցի, երբ ուսուցիչների 10 տոկոսի դրական պատասխան կա, շարժվում ենք ըստ կանոնակարգի ու կազմակերպում հեռավար ուսուցում»,- ասել է Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանը։

Նա նաև նշել է, որ Շիրակի մարզում առայժմ միայն Ախուրյանի նշված դպրոցն է անցել հեռավար ուսուցման։

Շիրակի մարզում, ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի առաջնակի դեպքերը տատանվում են 10 տոկոսի շրջանում։

«Գյումրու ինֆեկցիոնի տրիաժում 8 հիվանդ կա կորոնավիրուսի կասկածով, տնային մեկուսացած 462 հոգի ունենք, որից 111-ն է դրական պատասխանով»,- հայտնել է Լեյլի Ասլանյանը։