250 դիտում, 2020.09.25 18:30

Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը սեպտեմբերի 25-ին ստորագրել է «Ավիացիայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքը, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքը, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենքը, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքը, «Գույքահարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքը, «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքների փաթեթը, «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների փաթեթը: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքներով ծանուցման ենթակա գործունեության տեսակները լրացվում են գործունեության նոր տեսակով՝ խաղողի գինու կամ խաղողի մզման թորումից ստացվող սպիրտային թրմօղիների արտադրություն՝ առանց իրացման իրավունքի գործունեության տեսակով, որի իրավունքի ձեռք բերման համար սահմանվում է տարեկան բազային տուրքի 50-ապատիկի չափով տարեկան պետական տուրք, ինչպես նաև մեղրից թորված 40 տոկոս և ավելի սպիրտ պարունակող ալկոհոլային խմիչքների արտադրության գործունեության իրականացման իրավունք ձեռք բերելու համար սահմանվում է 50, իսկ մեղրից ստացված այլ ալկոհոլային խմիչքների համար 25 հազար դրամ տարեկան պետական տուրք:

«Գույքահարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքով հստակեցվում է գույքահարկի արտոնությունից օգտվող՝ հետուսումնական պայմանագրային զինծառայության մեջ գտնվող անձանց շրջանակը, նախատեսվում է, որ սահմանված արտոնությունների իրավունքը դադարում է զինծառայողին զինվորական ծառայությունից արձակելու, ինչպես նաև հարկվող օբյեկտ համարվող գույքը զինվորական ծառայության ընթացքում վարձակալության կամ հավատարմագրային կառավարման հանձնված լինելու դեպքերում, ինչպես նաև արտոնությունների կիրառման կարգը սահմանելու է կառավարությունը: