260 դիտում, 2020.09.25 18:22

Ամենաակտիվ ու ամենաշատ բացակայած պատգամավորների ռեկորդը սահմանել է ԲՀԿ-ն

Ամենաակտիվ ու ամենաշատ բացակայած պատգամավորների ռեկորդը սահմանել է ԲՀԿ-ն

ՀՀ ազգային ժողովի 7-րդ գումարման 4-րդ նստաշրջանի ընթացքում ամենաշատ բացակայած պատգամավորը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն է: Այս մասին մամուլի ասուլիսին ասաց «ԱԺ մոնիտորինգ» ծրագրի ղեկավար Լուսինե Վասիլյանը՝ ներկայացնելով դիտարկման տվյալները:

«Նախորդ նստաշրջանում «ԲՀԿ» առաջնորդ Գագիկ Ծառուկյանը լքել էր նիստերից ամենաշատը բացակայած պատգամավորների շարքը, հիմա նորից վերադարձել է այդ դիրքին: Ընդհանրապես, ԱԺ նիստերից ամենաշատ բացակայածների հնգյակում պատգամավորներից չորսը «ԲՀԿ»-ից են, մեկը՝ «Իմ քայլը» խմբակցությունից։ Պետք է ասեմ, որ «Իմ քայլ»-ի պատգամավորը ֆիզարձակուրդում է եղել»,- նշեց Վասիլյանը:

Նրա խոսքով՝ նախորդ նստաշրջանում իրենք բախվել էին խնդրի, քանի որ ամենաշատ բացակայածների տասնյակում հայտնվել էին ամենաշատ գործուղման մեկնած պատգամավորները։ «Այս անգամ գործուղումներ չեն եղել»,- ընդգծեց ծրագրի ղեկավարը։

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն, անդրադառնալով Ծառուկյանի բացակայություններին, նշեց, որ վերջինս բացակայել է կորոնավիրուսային հիվանդության և իր տարիքի պատճառով:

«ԱԺ-ում այդ կարգը կար, որ կարելի էր դիմել ԱԺ նախագահին և չմասնակցել նիստերին։ Այդ բացակայությունները դրանով են պայմանավորված»,- ասաց Մելքումյանը։

Լուսինե Վասիլյանը, ներկայացնելով ամենաակտիվ պատգամավորների տվյալները, հայտնեց, որ խորհրդարանում ամենաակտիվ, ամենաշատ հարց տված պատգամավորը  «ԲՀԿ»-ական պատգամավոր Միքայել Մելքումյանն է:

Ընդհանուր առմամբ, 132 պատգամավորներից 20-ը որևէ ելույթ չի ունեցել և հարց չի հնչեցրել։